Պարոդոնտիտը բարձրացնում է ինսուլտի վտանգը մինչեւ 50 տարեկանը. Dental Research

13 հունիսի, 2024  15:45

Հելսինկիի համալսարանի (Ֆինլանդիա) գիտնականները հայտնաբերել են, որ պարոդոնտիտը (ատամն ընդգրկող հյուսվածքի բորբոքումը) մինչեւ 50 տարեկան բարձրացնում է ինսուլտի հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Dental Research ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել են կամավորներ, որոնք ինսուլտ են տարել 20-50 տարեկանում՝ չպարզված պատճառներով։ Գիտնականներն ուսումնասիրել են  յուրաքանչյուր մասնակցի հիվանդության պատմությունը՝ կենտրոնանալով նրանց բերանի խոռոչի առողջական վիճակի գնահատման վրա։

Արդյունքները ցույց են տվել, որ պարոդոնտիտը ավելի հաճախ է հանդիպել ինսուլտ ունեցող մասնակիցների, քան առողջ կամավորների մոտ (վերահսկիչ խումբ)։ Այդ հիվանդությունը ոչ միայն բարձրացրել է ինսուլտի վտանգը մինչեւ 50 տարեկանը, այլեւ ազդել է նրա ծանրության վրա, ատամն ընդգրկող հյուսվածքների խոր եւ ուժեղ բորբոքումը հարաբերակցվել է գլխուղեղի ավելի ընդլայնված ախտահարումների հետ։ Պարզվել է նաեւ, որ ինսուլտի հավանականությունը ատամները հեռացնելուց եւ արմատների ուղիները բուժելուց հետո երեք ամիս բարձր է մնացել միջամտության իրականացումից հետո։

Գիտնականները բացատրել են, որ բերանի առողջ, հավասարակշռված միկրոբիոմը պարոդոնտիտի դեպքում կարող է փոխվել։ Որոշ վնասակար մանրէներ կարող են սկսել բազմանալ՝ սնվելով բորբոքմամբ քայքայված հյուսվածքներով։ Օրգանիզմը նորմալ պարագայում այդ մանրէները դուրս է բերում արյան հոսքից, բայց միջնախասրտային պատնեշի բաց օվալ ճեղք ունեցող մարդկանց համար դրանք հատուկ ռիսկ են ներկայացնում։

Սրտի բաց օվալաձեւ պատուհանը ճեղք է, որը գտնվում է ձախ եւ աջ նախասրտերի միջեւ։ Այն աշխատում է որպես փական եւ նորմալ պարագայում առկա է յուրաքանչյուր պտղի մոտ եւ անհրաժեշտ է սաղմնային արյան շրջանառության համար։ Պաթոգեն մանրէների հայտնվելը արյան հոսքում, օվալաձեւ ճեղքի ոչ լրիվ փակման դեպքում, մեծահասակների մոտ կարող է բարձրացնել թրոմբների առաջացման վտանգը, որոնք խցանում են ուղեղի անոթները (իշեմիկ ինսուլտ)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում