• Latest news

Թոքի քաղցկեղ. Ի՞նչ պետք է իմանալ կանխարգելման և բուժման մասին

2 հուլիսի, 2024  16:18

9,7 միլիոն մարդ է մահացել աշխարհում քաղցկեղից միայն 2022 թվականին։ Ամենատարածվածը թոքի քաղցկեղն է։ Նաև մահացության առումով են թվերը խիստ անհանգստացնող։ Միայն մեկ տարում թոքի քաղցկեղից մահերի թիվն աշխարհում անցել է 2,5 միլիոնը։ Եվ տարածվածության, և մահվան առումով թոքի քաղցկեղը առաջին տեղում է նաև Հայաստանում։

«էստեղ մի այսպիսի շատ արտահայտիչ պատկեր կա։ Թոքի քաղցկեղի աճը, էս վերևն ավելանում է։ Մենք ունենք այսպիսի կտրուկ աճ թոքի քաղցկեղի հարցում», – ասում է բ․գ․դ․, Հայաստանի թորակալ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Թորակալ վիրաբուժության կլինիկայի ղեկավար Հովհաննես Սարկավագյանը։

Թոքի քաղցկեղի առաջացման ռիսկի շատ գործոններ կան, սակայն հիմնականը ծխելն է։ Այս հիվանդությունն ունեցողների 90 տոկոսը ծխում է կամ ծխել է կյանքի որևէ փուլում։

«Բուն կանխարգելումը թոքի քաղցկեղի, կարծում եմ, նման հասկացություն չկա։ Կան նպաստող ֆակտորներ, որոնցից պետք է հնարավորին չափ ազատվել։ Առաջին՝ չծխել», – ասում է մասնագետը։

Թոքի քաղցկեղը հայտնաբերվում է նաև չծխող մարդկանց մոտ, որովհետև ծխախոտի այրումից առաջացած ծուխն ունի քաղցկեղածին բարձր ազդեցություն, ինչը, բնականաբար, ազդում է նաև պասիվ ծխողների վրա։ Ռիսկային խմբում են թոքի քրոնիկ բորբոքային հիվանդություն, տուրբերկուլյոզ ունեցող անձինք։

«Կա այսպիսի հասկացություն, քաղցկեղ սպիի մեջ։ Այսինքն,  թոքի մեջ որևէ բորբոքային պրոցես վերջանում է սպիագոյացմամբ, որի մեջ պոտենցիալը քաղցկեղ առաջանալու շատ ավելի մեծ է, քան առողջ հյուսվածքում։ Այսինքն, այդ հիվանդները պիտի հատկապես զգույշ լինեն և պարբերաբար հետազոտվեն, որովհետև իրենց հիվանդանալու հավանականությունը շատ ավելի մեծ է», – ասում է Սարկավագյանը։

Քաղցկեղն ունի նաև գենետիկական նախատրամադրվածություն։ Ընտանիքի անդամների, ազգականների մոտ հայտնաբերված քաղցկեղն առավել ուշադիր լինելու և պարբերաբար հետազոտվելու ազդակ է։ Հատկապես, որ թոքի քաղցկեղը սկզբնական փուլերում ընթանում է առանց ախտանշանների։ Ախտանշաններն ի հայտ են գալիս ուշ փուլերում՝ քրոնիկ հազ, արյունախխում, դժվարաշնչություն, հևոց, ընդհանուր թուլություն, քաշի կորուստ։

«Ուշադիր պետք է լինել, երբ որ էդ բոլորի հետ կան նաև ախտանիշներ, որոնք շատ բնորոշ են քաղցկեղին։ Օրինակ՝ հոդացավեր, որոնք նոր են սկսել։ Մկանային ցավեր, որ նոր են սկսել, որոնց վրա հիվանդը սովորաբար ուշադրություն դարձնում է։ Ընենց չի, որ էս վերջերս սկսեցին նաև հոդերս ցավել, դա շատ կարևոր բան է, որ մկաններս ինչ-որ ինձ չեն ենթարկվում։ Որ մկանային թուլություն ունեմ, այ սրանք բաներ են, որ էն մյուսը, որը պարզապես հազից է գանգատվում, չկա, բայց հազ պլյուս գանգատներ, որոնք բնորոշ են քաղցկեղին, պիտի շատ ուշադիր լինել, պիտի էդ գանգատների վերաբերյալ հատուկ զգոնություն ցուցաբերել միշտ», – ասում է բժիշկը։

Թոքի քաղցկեղը հաճախ բուժում են որպես բրոնխիտ կամ թոքաբորբ։ Կորցրած ժամանակը աշխատում է հիվանդի ու հիվանդության տարածման դեմ։ Դեպքերի մեծ մասը՝ 55-60 տոկոսը, հայտնաբերվում է երրորդ-չորրորդ փուլերում, երբ բուժման արդյունավետությունը խիստ սահմանափակ է։ Այսպես՝ 2022 թվականին Հայաստանում հայտնաբերվել է թոքի քաղցկեղի 1420 նոր դեպք, որոնց կեսից ավելին՝ 55 տոկոսը չորրորդ փուլում,  բուժումն այլևս անհնար է։ Ուստի շատ կարևոր է վաղ ախտորոշումը։

«Ապրելիությունը վաղ հայտնաբերման դեպքում բավականին ավելանում ա՝ 50 և ավելի տոկոս։ Քանի որ մենք մինչև սկրինգը հայտնաբերված ուռուցքների մեծ մասը տեսնում ենք արդեն մետաստատիկ վիճակում, տարածված վիճակում», – ասում է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ԿՏ ծառայության ղեկավար, ռադիոլոգ Լևոն Դավթյանը։

Ռիսկի խմբում են տարեկան 20 տուփ ծխողները։ 50-80 տարեկան այն անձինք են, որոնք 20 տարի շարունակ ծխել են։ Նույնիսկ նրանք, որոնք վերջին 15 տարում թողել են ծխել։ Նրանք տարին մեկ անգամ պետք է անցնեն թույլ դոզավորմամբ համակարգչային շերտագրում։

«ԿՏ-ն ինքը հենց ռենտգեն ճառագայթի վրա հիմնված հետազոտման մեթոդ է, ուղղակի պատկերները ստանում ենք շերտ առ շերտ։ Այսինքն, 3 Դ պատկեր ենք ունենում, ի համեմատ ռենտգենի, որը 2 Դ պատկերներ ենք ստանում։ Թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար շատ կարևոր է ԿՏ-ն, քանի որ ռենտգենաբանորեն մենք կարող ենք ուղղակի բաց թողնել էն առաջին ստադիայում գտնվող ուռուցքները, որոնք ռենտգենաբարոնե կարող են սոլիդ չլինել։ Այսինքն, անփայլ ապակու  երևի բոլորիս հայտնի, անփայլ ապակու փոփոխոթյունները երևում են միայն ԿՏ-ով։ Այդ իսկ պատճառով հետազոտման ոսկե ստանդարտը համարվում է ԿՏ-ն», – ասում է նա։

«ՄԻԱՅՆ ԵՎ ՄԻԱՅՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՇԵՐՏԱԳՐՈՒՄ։ Որից հետո երբ որ մենք ինչ-որ կասկածելի բան ունենք, արդեն մնացած հետազոտությունները», – հավելում է Սարկավագյանը

Սկրինինգի նպատակն է հիվանդությունը բացահայտել զարգացման ամենավաղ կամ անգամ նախաքաղցկեղային փուլում, ինչը բարձրացնում է բուժման հավանականությունը։ Թույլ դոզավորման ԿՏ-ի ճառագայթումն ավելի ցածր է, քան սովորականը։ Սակայն տալիս է այդ հնարավորությունը։

«Եվ դա ոչ մի կերպ չի ազդում ինֆորմատիվության վրա։ Առանց որևիցէ բացթողման», – ասում է Լևոն Դավթյանը։

«Երբ որ մենք արդեն ունենք համակարգչային շերտագրման տվյալները, մենք անցնում ենք առաջ կախված մեր հայտնաբերումներից։ Եթե մենք ունենք այնպիսի մի պատկեր թոքի քաղցկեղին համապատասխանող, երբ այսպես կոչված, կենտրոնական քաղցկեղ, երբ ախտահարված են բրոնխները՝ խոշոր բրոնխները, հաջորդ քայլը լինում է բրոնխոսկոպիկ հետազոտությունը և բիոպսիան՝ բրոնխոսկոպի միջոցով։ Եթե մենք ունենք, այսպես կոչված, պերիֆերիկ՝ ծայրամասային գոյացություն, երբ որ բրոնխոսկոպիան մեզ բան չի տա և պետք է ճշտել ախտորոշումը, մենք դիմում ենք պունկցիոն բիոպսիայի, ասեղային բիոպսիայի։ Եթե մենք ունենք նաև հեղուկ պրեվրալ խոռոչում, մենք հեռացնում ենք պրեվիալ խոռոչի հեղուկը և ուղարկում ենք մանրակրկիտ հետազոտության։ Այս բոլորի իմաստն այն է, որ մենք ունենք արդեն հյուսվածաբանորեն ապացուցված ախտորոշում», – ասում է Սարկավագյանը։

Ճիշտ բուժում կազմակերպելու համար նեղ մասնագետը նշանակում է նաև այլ հետազոտություններ։ Վիրահատվում են այն հիվանդները, որոնք չունեն խանգարող հանգամոնքներ։ Հիվանդությունը վաղ փուլում է, չկան մետաստազներ։

«Կան դեպքեր, երբ որ հիվանդին մինչև վիրահատությունը հարկավոր է նախավիրահատական բուժում անցկացնել։ Կլինի դա քիմիաթերապիա, կլինի դա թիրախային թերապիա։ Հիվանդին պիտի պատրաստել, նոր վիրահատել։ Էսօրվա իրականությունն այդպիսին է», – ասում է Հովհաննես Սարկավագյանը։  

Թոքի քաղցկեղի բուժման առումով վերջին տարիներին կատարվել են հեղափոխական քայլեր։ Սկսել են կիրառվել նաև թիրախային ու իմունաթերապևտիկ մեթոդներ, որոնք զգալիորեն բարելավել են դեղորայքային բուժման ելքը՝ երկարացնելով պացիենտի կյանքն ու բարձրացնելով կյանքի որակը։

«Պրեպարատներ, որոնք ճանաչում են բջիջը և ազդում են հենց բջիջի վրա, այլ ոչ թե ամբողջ օրգանիզմի վրա։ Եվ այսօր գնալով ավելի ու ավելի մեծ դեր է խաղում իմունոթերապիան։ Երբ որ մենք օրգանիզմի իմունիտետի շնորհիվ այդ մեծ հարցը կարողանում ենք լուծել շնորհիվ օրգանիզմի ուժերի, օրգանիզմի հնարավորությունների, իհարկե դեղորայքի միջոցով», – ասում է նա։


Քաղցկեղի բուժման գործում չափազանց կարևոր է նաև ճիշտ մասնագետի ընտրություն։ Հայաստանում այսօր կան բուժման բոլոր հնարավորությունները, սակայն խնդիրը լուծելու համար կարևոր է վաղ հայտնաբերումը, իսկ դրա համար՝ սկրինինգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել