• Latest news

Ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշ ունեցող պացիենտներին թողնում են առանց օգնության

4 հուլիսի, 2024  00:38

Ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշը (ՈւՊՀՀ) Եվրոպայում մնում է ամենաանտեսվածներից մեկը։ Դրա ախտանշաններն են անուշադրությունը, գրգռվածությունը եւ իմպուլսիվությունը, որոնք բնորոշ են ոչ միայն երեխաներին, այլեւ մեծահասակներին, որոնք շարունակում են պայքարել ախտանշանների դեմ հասուն տարիքում։

Պացիենտները, նրանց մերձավորները, ինչպես նաեւ հոգեբանները, մանկավարժները եւ բժիշկները ընդունում են, որ ՈւՊՀՀ ախտորոշումնը անբավարար մակարդակի է։

ADHD Europe ֆոնդի գլխավոր տնօրեն, դոկտոր Թոնի Լլոյդի խոսքով՝ գլխավոր պատճառը պատմականորեն առաջացած ստիգմատացումն է։ Անկիրթ լինելու պատճառով ՈւՊՀՀ-ն հաճախ ասոցիացնում են դպրոցում երեխաների վատ վարքի հետ, աշակերտները դառնում են չկառավարվող հիմարիկներ։ Այս վիճակի շուրջ առաջանում է ամոթի, լռության մատնելու, չհասկացվածության աուրա»,- նշել է Լլոյդը Euronews Health-ի հարցազրույցում։

Մեր զրուցակիցը, ինչպես նաեւ այլ դիտորդներ նշել են. վերջին տարիներին ՈւՊՀՀ ախտորոշման մեջ տեղի են ունեցել զգալի փոփոխություններ։ Կարեւոր  պահ դարձավ համավարակը։ «Այդ ժամանակ մարդիկ հայտնվեցին արգելքի տակ, չկարողացան դուրս գալ փողոց, զբաղվել սպորտով, շփվել, աջակցություն ստանալ գործընկերներից։ ՈւՊՀՀ շատ կառույցներ պարզապես փակվեցին»,- հիշում է Լլոյդը։

Արդյունքում՝ լոքդաունից հետո բժիշկները եւ հոգեբանները բախվեցին ՈւՊՀՀ-ի հետ կապված շատ հարցումների։ ՈւՊՀՀ ունեցողմարդկանց հանդեպ ուշադրությունն ավելացավ, բայց միջին մակարդակը Եվրոպայում մնում է ցածր։ «Մեծ Բրիտանիայում երեխաների միայն 13 եւ մեծահասակների 11 տոկոսն է, որոնք ՈւՊՀՀ ունեն, դեղամիջոցային բուժում ստանում։ Այս խանգարումը վատ է ախտորոշվում»,- կարծում է Լլոյդը։

Բժշկի գնահատականը հաստատում է Մեծ Բրիտանիայի բժշկական հանրույթի հայտարարությունը։ Մասնագետների կարծիքով՝ օգնության համար դիմած մարդիկ բախվում են մի շարք խնդիրների, ներառյալ նախապաշարումները, երկար սպասումը եւ ծառայությունների ոչ մշտական հասանելիությունը։

Բժիշկների եւ հոգեբանների համար թիվ մեկ խնդիրն այսօր հասարակության աչքում ախտորոշման վարկը վերականգնելն է։ Լլոյդի խոսքով՝ ՈւՊՀՀ ունեցող մարդիկ երկար ժամանակ համարվել են պակաս խելացի կամ բարոյապես թույլ։ Նրա հետ համաձայն է դոկտոր Յան Բույթելաարը Նիդեռլանդներից։ «ՈւՊՀՀ-ն բավական բացասական հանրային իմիջ ունի։ Եթե նայեք ԶԼՄ-ները, սոցցանցերը, ապա դրանցում ՈւՊՀՀ ունեցող մարդիկ ներկայացվում են ծույլ, աղմկոտ, ոչ այնքան հաճելի»,- նշել է նա։

ՈւՊՀՀ ախտորոշման խնդիրը ուղիղ կապված է կադրերի պակասի հետ։ Նինա Հովենը հիշում է. «Ես հանդիպել եմ մարդկանց, որոնց ութ անգամ դեպրեսիա են ախտորոշել, մինչեւ որ նրանք, ի վերջո, գտել են բժշկի, որն ասել է. «Ոչ, դուք դեպրեսիա չունեք, սա ՈւՊՀՀ է»։ Հաջողության բանալին իրազեկությունն է, կարծում է նա։

ՈւՊՀՀ ախտորոշումը ներառում է վարքի գնահատականը եւ զրույցը տարբեր աղբյուրների հետ, ներառյալ պացիենտի ծնողները, ուսուցիչները եւ շրջապատը։ Համախտանիշը պարզելու համար անհրաժեշտ է, որպեսզի ախտանշանները ի հայտ գան առնվազն վեց ամսվա ընթացքուն եւ սկսվեն մինչեւ 12 տարեկանը։

Եվրոպայում ապրում է մեծահասակների մի ամբողջ բանակ, որն օգնության կարիք ունի ախտորոշման հարցում։ «Պետք է հասկանալ, որ ՈւՊՀՀ-ն երեխաների մոտ նույնը չէ, ինչ մեծահասակների ՈւՊՀՀ-ն։ Երեխաները կարող են լինել հիպերակտիվ, ի վիճակի չլինել կենտրոնանալ, բայց մեծահասակների մոտ վիճակը փոխվում է»,- ասում է Հովենը՝ նշելով, որ վաղ ախտորոշումն ավելի նախընտրելի է։

«Եթե դուք վաղ եք հայտնաբերում երեխաների մոտ խանգարումը եւ աջակցություն եք ցուցաբերում նրանց ու նրանց ընտանիքներին, ապա պացիենտների կյանքի հետագիծը շատ ավելի լավ է լինում»,- նրա հետ համաձայնում է դոկտոր Լլոյդը։ Մասնագետները նշում են. ՈւՊՀՀ-ն տարբեր կերպ է արտահայտվում տղամարդկանց եւ կանանց (համապատասխանաբար՝ տղաների եւ աղջիկների) մոտ։ Սովորաբար գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ցուցադրում են ավելի քիչ արտահայտված հիպերակտիվություն։

«Մենք հաճախ չենք հասկանում, թե ինչ է տեղի ունենում նման աղջիկների հետ։ Նրանք մեղմ են, լուռ, դասարանում հանգիստ նստում են, բայց նրանք ասես այնտեղ չեն»,- օրինակ է բերում Նինա Հովենը։ Լլոյդի խոսքով՝ դա հանգեցրել է պատմականորեն ձեւավորված գենդերային անհավասարության ախտորոշման մեջ. կանանց ավելի հաճախ են հոգեկան այլ խանգարումների ախտորոշում կայացնում։ «Նրանց ավելի հաճախ վերագրում են տագնապայնություն, դեպրեսիա եւ անգամ երկբեւեռություն»,- նշել է բժիշկը։

Բույթելաարի խոսքով՝ ՈւՊՀՀ բուժումը պետք է ներառի մի քանի բաղադրիչներ՝ դեղեր, վարքային թերապիա եւ կենսակերպի շտկում։ «ՈւՊՀՀ հաջող բուժումը չի նշանակում պարզապես դեղեր ընդունել, որոնց ազդեցությունը տեւում է ութ ժամ։ Խոսքը այն ընկալման մասին է, թե ինչպես է համախտանիշը ազդում մեզ վրա, ինչ կենսական որոշումներ մենք կարող ենք ընդունել եւ որոնք են մեր կոգնիտիվ առավելությունները»,- համաձայնել է Լլոյդը։

Նինա Հովենն ընդգծել է, թե որքան կարեւոր է ՈւՊՀՀ ունեցող մարդկանց համար շրջապատի աջակցությունը։ «Պետք է հաշվի առնել ամբողջ ընտանիքի շահերը, օգնել նրան,- ասում է նա։- Եթե ՈւՊՀՀ ունեցող երեխաները մանկապարտեզում գրագետ աջակցություն են ստանում, իսկ նրանց տանը քաոս է, դա կվնասի նրանց»։

Ինչ վերաբերում է ՈւՊՀՀ ունեցող մեծահասակներին, ապա Լլոյդը հասարակությանը կոչ է անում ավելի լայն նայել տարբեր նյարդաբանական ախտանշաններ ունեցող մարդկանց կոգնիտիվ ունակություններին։ «Մենք պետք է ընդունենք, որ անձի նեյրոկոգնիտիվ ունակությունների բազմազանությունը չափազանց մեծ է։ Եթե մարդկանց 20 տոկոսը մտածում է ոչ այնպես, ինչպես մենք, դա չի նշանակում, թե նրանք պակաս խելացի են ու քիչ զարգացած եւ ավելի քիչ են պիտանի աշխատանքի համար»,- ամփոփել է բժիշկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել