• Latest news

Խաղամոլությունը՝ հիվանդությո՞ւն. Պարզաբանում է մասնագետը

5 հուլիսի, 2024  08:38

2023 թվականին մոտ 70 մարդ ազարտային խաղերի նկատմամբ հակումով դիմել է Կախվածությունների բուժման ազգային կենտրոն՝ սոցիալ-հոգեբանական աջակցություն ստանալու համար: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը:

Նրա խոսքով, գոյություն ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված հստակ ախտորոշիչ չափորոշիչներ, որոնց միաժամանակյա առկայության դեպքում ախտորոշվում է կախվածություն. խոսքը վերաբերում է թե՛ քիմիական, թե՛ ոչ քիմիական կախվածություններին:

«Չափորոշիչներից մեկը հիվանդագին հակումն է, ինչը իրենից ենթադրում է տվյալ քիմիական նյութի կամ զբաղմունքի նկատմամբ արտահայտված պաթոլոգիկ անզուսպ ցանկություն ու պահանջ. դա կարող է լինել նյութի գործածում՝ թմրամիջոց, ալկոհոլ և ազարտային խաղերով տարվածություն: Կախվածության դեպքում մարդը հաճախ անում է նաև անթույլատրելի արարքներ, օրինակ, տնից գողանում է ծնողների ոսկեղենը, կամ իր ավտոմեքենան է վաճառում, միայն թե հնարավորություն ունենա ազարտային խաղերով զբաղվելու: Ցավոք սրտի, հաճախ նաև գումար հայթայթելու համար դիմում են հանցագործությունների: Սրանք մեր պրակտիկայում հանդիպող դեպքերն են»,- հավելեց նա:

Ո՞ր տարիքի մարդիկ են ավելի հաճախ տարվում ազարտային խաղերով

Սուրեն Նազինյանի խոսքով՝ տարիքային առանձնահատկություններ չկան, սակայն քանի որ ազարտային խաղերն ավելի մեծ տարածում ունեն առցանց հարթակում, կարելի է ենթադրել, որ ավելի մեծ տարածում ունեն երիտասարդների շրջանում: Հարցին, թե արդյո՞ք խնդիրը կանանց մոտ նույնպես առկա է, նա ասաց, որ թեև իր պրակտիկայում նման դեպք չի հանդիպել, սակայն այլոց փորձով կարող է ասել, որ կանանց մոտ նույնպես կախվածություն կարող է առաջանալ:

«Ընդհանրապես կախվածությունները ավելի հատուկ են տղամարդկանց, որովհետև տղամարդկանց սեռային առանձնահատկություններն այնպիսին են, որ նրանք ավելի շատ են հակված ռիսկի դիմելու: Բայց դա չի բացառում, որ կանայք էլ կարող են ունենալ հակում խաղերի նկատմամբ»,-ասաց նա:

Ինչպե՞ս է բուժվում կախվածությունը

«Եթե հստակ երևում է, որ մարդը տառապում է խաղամոլությամբ, ցանկալի է, որ նրա հետ միաժամանակ աշխատեն և՛ հոգեբանը, և՛ հոգեբույժը, որովհետև նման դեպքերում կարիք է լինում դեղորայքային բուժման հետ մեկտեղ նաև հոգեբանի աջակցություն ստանալու: Ստացիոնար բուժում չի իրականացվում, քանի որ այդ մարդիկ ֆիզիկական խնդիրներ չունեն: Սովորաբար դեղատներում առկա դեղորայքով հնարավոր է այդ խնդիրը լուծել, օրինակ, կարող են կիրառվել հակադեպրեսանտներ. հոգեմետ դեղեր չեն կիրառվում»:

Որքա՞ն ժամանակ է պահանջվում բուժման համար

«Դեպքերը շատ անհատական են. կարող է լինել այնպես, որ մարդը մի անգամ հոգեբանի հետ զրուցելուց հետո դադարի ազարտային խաղերով զբաղվել, կարող է լինել նաև այնպես, որ մոտ մեկ ամիս հոգեբանը անընդհատ աշխատի նրա հետ: Խաղամոլության դեպքում մենք գործ չունենք մարդու ֆիզիկական վիճակի հետ, այդ պատճառով էլ դժվար է հստակ ժամկետներ նշել»:

Սուրեն Նազինյանի խոսքով, կախվածություն ունեցողները սովորաբար հարազատների հորդորով են դիմում աջակցություն ստանալու, սակայն արդեն հասկանալով, որ ունեն դրա կարիքը:

Օրենսդրական կարգավորումներ

Սուրեն Նազինյանի խոսքով, խաղամոլության հիմքում կարող է ընկած լինել և՛ հոգեբանական խնդիրը, և՛ արագ ճանապարհով գումար վաստակելու ցանկությունը:

«Վերջին երկու-երեք տարիների ընթացքում օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան, որոնք արգելեցին ազարտային խաղերի գովազդը համացանցում և հանրային վայրերում: Դա շատ կարևոր քայլ էր կախվածության դեմ պայքարում, քանի որ գովազդները մեծ ազդեցություն ունեին մարդկանց վրա»,- նշեց կենտրոնի տնօրենը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել