• Latest news

Որո՞նք են Հայաստանում ամենատարածված քաղցկեղները և ինչպե՞ս խուսափել դրանցից․ պատմում է ուռուցքաբան Արմեն Ավագյանը

4 հուլիսի, 2024  11:05

Վերջին տարիներին Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ շեշտակի աճել են։ Դրա պատճառների և կանխարգելման ուղիների մասին զրուցել ենք ուռուցքաբան, քիմիաթերապևտ Արմեն Ավագյանի հետ։

Որո՞նք են քաղցկեղի առաջացման հիմնական պատճառները։ Արդյո՞ք դրանք ավելի շատ պայմանավորված են մարդու գենետիկ նախատրամադրվածությունից թե ապրելակերպից։

Քաղցկեղի առաջացման պատճառները լինում են արտաքին և ներքին գործոններով պայմանավորված։ Ներքին պատճառներից մեկը գենետիկ նախատրամադրվածությունն է։ Գենետիկ նախատրամադրվածություն է համարվում երբ մարդու անմիջական ընտանիքի անդամների մոտ եղել է քաղցկեղ ախտորոշում։

Քաղցկեղի առաջացման համար պարտադիր պայման է համարվում օրգանիզմում մուտացիայի առաջացումը, այդ պատճառով քաղցկեղը կարող ենք անվանել գենետիկ հիվանդություն բայց ոչ պարտադիր ժառանգական։ Ժառանգական քաղցկեղ նույնպես գոյություն ունի, սակայն ընդհանուր քաղցկեղների մեջ դա շատ փոքր մաս է կազմում, օրինակ ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզ հիվանդությունը համարվում ժառագանական քաղցկեղի տեսակներից մեկը։

Քաղցկեղի առաջացման մեջ հիմնական պատճառը ապրելակերպն ու արտաքին միջավայրի ազդեցությունն է օրգանիզմի վրա։ Քաղաքակրթության և ինդուստրիայի զարգացման հետ մեկտեղ շատանում են օրգանիզմի վրա արտաքին միջավայրի վնասակար գործոնների ազդեցությունը, որի հետևանքով էլ հաճախ օրգանիզմում առաջանում են մուտացիաներ։ Արտաքին ազդեցության օրինակ է արևի ճառագայթումը` ուլտրամանուշակագույն ճառագայթները, որն էլ մաշկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառերից է։ 

Ապրելակերպը նույնպես չափազանց մեծ դեր ունի քաղցկեղի առաջացման նախատրամադրվածություն ստեղծելու մեջ։ Օրինակ ապացուցված է որ գեր մարդկանց օրգանիզմը ավելի նախատրամադրված է քաղցկեղային հիվանդություններին, հիպոդինամիան`քիչ շարժվելը, նույնպես նախատրամադրող գործոն է համարվում։ Առանձին մեծ խնդիր են հանդիսանում վնասակար սովորությունները, ինչպիսիք են ծխելը և ալկոհոլի մեծ քանակությամբ օգտագործումը։ Եթե ամփոփենք հարցը ապա կարող ենք ասել, որ քաղցկեղի առաջացումը ավելի շատ պայմանավորված է արտաքին պատճառներով,  բայց ավելի հաճախ զարգանում է գենետիկ նախատրամադրվածություն ունեցող մարդկանց մոտ։

Որո՞նք են Հայաստանում ամենատարածված քաղցկեղի տարատեսակները, և ի՞նչ գործոններով են դրանք պայմանավորված։

Հայաստանում ամենատարածված քաղցկեղի տեսակներից են թոքի քաղցկեղը` պայմանավորված ծխելու բարձր մակարդակով և օդի ախտոտվածությամբ, ինչպես նաև կանանց կրծքագեղձի քաղցկեղը, որը բազմապատճառ է։

Տարածված են նաև մարսողական համակարգի քաղցկեղները` ստամոքս, հաստ և ուղիղ աղիներ, որոնք պայմանավորված են սխալ սննդակարգի, հիպոդինամիայի և ճարպակալման հետ, շագանակագեղձի քաղցկեղը, որի արտաքին պատճառներից են համարվում վնասականր սովորությումները, հիպոդինամիան։ 

Ինչպես նայև կանանց շրջանում բացի ձվարանների և արգանդի մարմնի քաղցկեղներից Հայաստանում շատ է հանդիպում արգանդի վզիկի քաղցկեղը, որը պայմանավորված է պապիլոմա վիրուսով և, որը հնարավոր է կանխել պատվաստման միջոցով։

Հայաստանում ծխում է տղամարդկանց մոտավորապես 50%-ը, ինչպե՞ս է ծխելը ազդում քաղցկեցի առաջացման վրա։ Ի՞նչ ուղիներով կարելի է նվազեցնել ծխելով պայմանավորված քաղցկեղի առաջացման ռիսկը։

Ծխախոտի այրման ժամանակ առաջացող ծուխը պարունակում է մինչև 50 քաղցկեղածին նյութեր և գիտականորեն ապացուցված է, որ այս նյութերը հանդիսանում են թոքի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը։ Ծխելը նաև նպաստող գործոն է բերանի խոռոչի, կրծքագեղձի, ստամոքսի և այլ քաղցկեղների առաջացման հարցում։

Ծխելու դեմ պայքարելու հիմանական միջոցը դա չծխելու քարոզն է և ծխելու վնասակարության մասին հանրային իրազեկվածության բարձրացումը։ Վերջին շրջանում ՀՀ-ում ընդունվել են մի քանի օրենքներ, որոնք ուղղված են ծխելու դեմ պայքարին, սակայն կարծում եմ հիմնական պայքարը պետք է լինի անհատին ծխելու վնասակարության ու ծխելուց հրաժարվելու կարևորության գիտակցման հասցնելը։

Հաճախ հարցնում են նաև ծխելու այլընտրանքային միջոցների մասին` ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետները և ծխախոտի տաքացման համակարգերը, որոնք նույնպես վնասակար են առողջության համար։ Սակայն կարևոր է նշել, որ կան ԱՄՆ FDA-ի կողմից հաստատված հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ այս այլընտրանքների արտազատում են զգալիորեն ավելի քիչ վնասկար ու քաղցկեղածին նյութեր քան սովորական ծխախոտը։ Կան երկրներ՝ օրինակ Մեծ Բրիտանիան, որտեղ այլընտրանքային միջոցները օգտագործվում են որպես ծխելը թողնելու միջոց։

Ամեն դեպքում պետք է շեշտել, որ առողջ ապրելակերպով ապրելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ հրաժարվել ծխելուց, չափավորել ալկոհոլի օգտագործումը, զբաղվել սպորտով, օգտագործել առողջ սնունդ և հետևել քնի ռեժիմին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է