Դեղերի գների պետական կարգավորում կամ ազատ շուկա. ի՞նչ ուղի կընտրի Հայաստանը

17 հոկտեմբերի, 2014  21:34

Դեղերի գների կարգավորումը բավական բարդ հարց է: Որոշ երկրներում պետական վերահսկողություն է իրականացվում, մյուսներում հարցը թողնում են շուկայի կարգավորմանը: Ինչ մեխանիզմ կընտրի Հայաստանը՝ առայժմ հայտնի չէ, քանի որ «Դեղամիջոցների մասին» նոր օրենքի նախագիծը դեռեւս մշակման փուլում է: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Լիկվոր» դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք նոր օրենքը դեղերի գների նվազման կհանգեցնի:

Նա նշեց, որ դեղերի գների պետական կարգավորման հարցը երկար ժամանակ քննարկվում էր, սակայն դեռեւս վերջնականապես պարզ չէ, արդյո՞ք այն կընդգրկվի նոր օրենքում:

Միաժամանակ, Ս.Մաթեւոսյանի խոսքով, միշտ հարկավոր է հիշել, որ GMP-ի չափանիշներով արտադրված արդյունավետ եւ անվտանգ դեղամիջոցները չեն կարող էժան լինել: «Այլ հարց է, որ երբ հայտնի որեւէ նորարարական դեղամիջոց դուրս է գալիս արտոնագրից, եւ շուկայում հայտնվում են ջեներիկներ, այդ դեպքում գները մի քանի անգամ (5-10 անգամ) նվազում են: Բայց այդ դեպքում էլ այն չի կարող շատ ցածր լինել: Եթե դեղամիջոցը շատ էժան արժե, պետք է կասկած հարուցի»,- նշեց դեղագործական ընկերության ղեկավարը:

Նա փաստեց, որ նախ՝ դեղերի գները սահմանում են ոլորտի խոշորագույն կորպորացիաները, եւ նրանք են թելադրում, թե որ շուկայում ինչ արժեքով դրանք պետք է վաճառվեն: Երկրորդ՝ Հայաստանը փոքր երկիր է, որտեղ վաճառքի համեմատաբար փոքր ծավալներ են, ինչը նույնպես ազդում է գների վրա: Դրան պետք է հավելել նաեւ փոխադրման մեծ ծախսերն ու ԱԱՀ-ն:

«Հենց այդ պատճառով էլ մեզ մոտ դեղերը համեմատաբար ավելի թանկ են, քան, ասենք, Ռուսաստանում, Ղազախստանում կամ հարեւան Վրաստանում: Մյուս կողմից՝ որոշ երկրներում պետությունն իր վրա է վերցնում որոշ թանկարժեք դեղամիջոցների գնման ծախսերը: Ռուսաստանում այդ ծրագիրը կոչվում է Լրացուցիչ դեղամիջոցների ապահովում: Նման ծրագիր գոյություն ունի նաեւ Ղազախստանում: Հայաստանում, ցավոք, այդ նպատակով բյուջեից հատկացումները մեծ չեն»,- նշեց նա:

Խոսելով այն մասին, թե դեղերի գների աճի առումով ինչպիսի ռիսկեր է պարունակում Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն եւ Եվրասիական տնտեսական միությանը՝ Ս.Մաթեւոսյանը նշեց, որ այս փուլում չէր ցանկանա որեւէ կանխատեսում անել, բայց հարկավոր է հիշել, որ «Մաքսային միության գաղափարը ենթադրում է հավասար խաղի կանոններ բոլորի համար»:

«Միության ստեղծման գլխավոր գաղափարը տնտեսական տարածքն է, որտեղ պետք է ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժ տեղի ունենա»,- ասաց նա՝ հավելելով, որ մենք պետք է «համարձակորեն պնդենք մեր շահերը»: «Չնայած Հայաստանը, միության այլ անդամների համեմատ, փոքր երկիր է, դա չպետք է տնտեսական շահերի խտրականության հանգեցնի: Հարկավոր է պաշտպանել մեր շահերը, ընդ որում՝ բոլոր մակարդակներում»,- ընդգծեց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում