Դեմենցիայի զարգացման ռիսկը յոթ գործոն է մեծացնում. European Journal of Public Health

7 նոյեմբերի, 2024  18:44

European Journal of Public Health (EJPH) հանդեսում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ հիպերտոնիան, նստակյաց ապրելակերպը, ցածր կրթությունը, դեպրեսիան, միայնությունը, շաքարախտը և ծխելը մեծացնում են դեմենցիայի զարգացման ռիսկը:

Իտալիայից գիտնականները վերլուծել են 130 հազար մարդու ապրելակերպն ու առողջական վիճակը։ Արդյունքները ցույց են տվել, որ այդ հիվանդության պաթոգենեզում արյան բարձր ճնշումն առանցքային դեր է խաղում։ Եթե ​​ մինչև 65 տարեկանն արյան ճնշումը  պահպանեք նորմայի սահմաններում, դեմենցիայի զարգացման ռիսկը 6,3%-ով կնվազի։

Դրան կարելի է հասնել ճիշտ սնվելու, ֆիզիկական ակտիվության և անհրաժեշտության դեպքում դեղորայքի միջոցով: 65 տարի անց պասիվ ապրելակերպը, ինչպես նշում են գիտնականները, 5,9%-ով մեծացնում է ճանաչողական ունակությունների խանգարումների վտանգը, ուստի ուղեղի առողջության համար խորհուրդ է տրվում մարզվել ցանկացած հասանելի ձևաչափով։

Հետազոտությունը միաժամանակ կապ է հայտնաբերել կրթության և դեմենցիայի վտանգի միջև: Բարձրագույն կրթությունը 5%-ով նվազեցնում է դրա զարգացման հավանականությունը։ Կարևոր է նաև հոգեբանական առողջությունը. 65 տարեկանից հետո դեպրեսիան 4,5%-ով մեծացնում է հիշողության և ուշադրությանն առնչվող խնդիրների վտանգը։ Մեկուսացումը և միայնակությունն իրենց հերթին  4,4%-ով բարձրացնում են ճանաչողական ունակությունների խանգարումների վտանգը, շաքարախտը՝ 3,9%-ով, իսկ ծխելը՝ 2,4%-ով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում