Կաթվածահար փեսացուն էկզոկմախքի շնորհիվ ինքնուրույն մոտեցել է խորանին

22 հոկտեմբերի, 2014  23:51

Մեթ Ֆիկարայի մարմինը 2011 թվականին տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո կրծքավանդակից ներքեւ կաթվածահար է: Սակայն վերջերս նա սեփական ոտքերի վրա մասնակցել է սեփական հարսանիքին, իսկ այդ հարցում նրան օգնել է Ekso Bionics ընկերության ստեղծած էկզոկմախքը:

Դրա շնորհիվ 30-ամյա Մեթը ոչ միայն մոտեցել է խորանին, այլեւ կարողացել է պսակադրության ամբողջ արարողության ընթացքում կանգնել եւ հարսնացուի՝ Ջորդան Բեյսիլի հետ թեւանցուկ հեռանալ:

Մարտկոցով աշխատող էկզոկմախքը կաթվածահար ոտքերով մարդկանց օգնում է քայլել:

Վերջին 5 ամիսներին Մեթն ամեն շաբաթ այցելել է Ալենթաունում գտնվող վերականգնողական կենտրոն, որտեղ ժամանակակից այդ սարքի օգնությամբ քայլել է սովորել: Նա ցանկանում էր խորանին մոտենալ ոչ թե հաշմանդամի սայլակով, այլ սեփական ոտքերով:

«Ինձ չէի կարողանում պատկերացնել հաշմանդամի սայլակով խորանին մոտենալիս»,- Syracuse.com-ին տված հարցազրույցում պատմել է Մեթը:

Նրա հարսնացուն էլ ասել է, որ իր համար միեւնույն է, իր փեսացուն հաշմանդամի սայլակո՞վ կլինի, թե՞ էկզոկմախքով: Ավելի կարեւոր է, որ նա իր կողքին լինի: Սակայն նա գիտեր, թե Մեթի համար որքան կարեւոր է քայլելով խորանին հասնելը, այդ պատճառով անչափ ուրախ է, որ նրան հաջողվել է այդ անել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում