Նոր հետազոտության արդյունքները, որն իրականացվել է միջերկրածովյան սննդակարգին հետևող մի խումբ իսպանացիների հետ, ցույց են տվել, որ օրական մի փոքր գավաթ գինի խմելը մինչև 50 տոկոսով նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների, ինֆարկտի կամ կաթվածի հավանականությունը, հայտնում է Euronews-ը։
Դրական ազդեցությունը նկատվել է նաև նման հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ։
Միևնույն ժամանակ հետազոտողներն ասում են, որ այս պաշտպանիչ ազդեցությունը կորել է այն մարդկանց մոտ, որոնք օրական մեկ գավաթից ավելի են խմել:
«Այս հետազոտության մեջ ուսումնասիրվում է գինու չափավոր օգտագործման կարևորությունը՝ որպես առողջ սննդակարգի մաս, ինչպիսին է միջերկրածովյան դիետան», - ասել է պրոֆեսոր Ռամոն Սթրոհը՝ Բարսելոնայի համալսարանի սննդի, ծերացման և սրտանոթային ռիսկի փորձագետը և հետազոտության գլխավոր հեղինակը:
Նա հավելել է. «Մինչ այժմ մենք կարծում էինք, որ միջերկրածովյան սննդակարգի օգուտի 20 տոկոսը կարելի է բացատրել գինու չափավոր օգտագործմամբ, սակայն նոր արդյունքների հիման վրա այս ցուցանիշը կարող է ավելի մեծ լինել»:
Սակայն շատ փորձագետներ քննադատաբար են վերաբերվում հետազոտության արդյունքներին՝ մատնանշելով ալկոհոլ օգտագործելու հայտնի ռիսկերը:
Բրիտանական Heart Foundation-ի սննդի փորձագետ Թրեյսի Փարքերը, որը չի մասնակցել հետազոտությանը, ասել է. «Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չափավոր գինի խմելը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների վտանգը, բայց դա չի նշանակում, որ կարելի է մեկ շիշ գինի խմել»։
«Հայտնի է, որ ալկոհոլի չափից ավելի օգտագործումը վնասակար է սրտի առողջությանը, - ավելացրել է նա:- Ալկոհոլի չափից դուրս օգտագործումը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը և առաջացնում այլ խնդիրներ, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, թուլամտությունը, լյարդի խնդիրները և քաղցկեղի որոշ տեսակներ»:
Մեկ այլ խնդիր, որը մատնանշում են մասնագետները, այն է, որ շատ մարդիկ սխալ են չափում իրենց խմած գինու իրական քանակը:
Գինու ստանդարտ չափաբաժինը կազմում է ընդամենը 120 միլիլիտր, սակայն շատերն ավելի շատ են օգտագործում:
«Մարդիկ հաճախ ասում են, որ գինին օգտակար է սրտի համար, բայց մենք նաև գիտենք, որ շատ գինի խմելը վնասակար է սրտի համար», - ասել Օքսֆորդի համալսարանի սրտանոթային բժշկության պրոֆեսոր Փոլ Լիսոնը:
Այս վերլուծությունը Իսպանիայում անցկացված ավելի լայն ուսումնասիրության մի մասն է, որը ուսումնասիրել է միջերկրածովյան դիետայի ազդեցությունը սրտային հիվանդությունների զարգացման վտանգ ունեցող մարդկանց վրա:
Դրան մասնակցել է 1232 մարդ, որոնք վտանգի տակ են եղել տարբեր պատճառներով, ինչպիսիք են՝ 2-րդ տիպի շաքարախտը, ծխելը, բարձր խոլեստերինը, արյան բարձր ճնշումը, ճարպակալումը կամ սրտի հիվանդության ժառանգականությունը:
Հետազոտության սկզբում մասնակիցներին խնդրել են տեղեկություն տրամադրել իրենց ուտելու և խմելու սովորությունների մասին: Նրանք նաև մեզի նմուշներ են վերցրել՝ գինաթթվի (խաղողի և գինու մեջ հայտնաբերված բնական նյութ) մակարդակը չափելու համար։ Փորձը կրկնվել է մեկ տարի անց։
Սակայն գինաթթուն որպես գինու օգտագործման նշիչ կիրառելուն որոշ փորձագետներ թերահավատորեն են վերաբերվում:
«Գինաթթվի մակարդակի փոփոխությունները կարող են պայմանավորված լինել այլ պատճառներով, այդ թվում՝ մասնակիցների կողմից գինու օգտագործման մասին սխալ զեկույցներով կամ այլ մթերքների ազդեցությամբ», - ասել է Մեծ Բրիտանիայի Միլթոն Քեյնսի բաց համալսարանի կիրառական վիճակագրության պրոֆեսոր Քևին ՄակՔոնվեյը:
Մասնագետներն ասում են, որ կան առողջ սիրտ պահպանելու ավելի առողջ եղանակներ, որոնք չեն ներառում ալկոհոլ խմելը, ինչպիսիք են հավասարակշռված դիետան, կանոնավոր մարզվելը, առողջ քաշը պահպանելը և ծխելը թողնելը:
Գլազգոյի համալսարանի մետաբոլիկ բժշկության պրոֆեսոր Նավիդ Սաթարն ասել է. «Ես վճռականորեն խորհուրդ եմ տալիս մարդկանց հնարավորինս նվազեցնել ալկոհոլի ընդունումը՝ առողջ մնալու համար: Առողջությունը պահպանելու համար չափավոր գինի խմելը առասպել է, և այս հոդվածը ոչ մի նոր բան չի ավելացնում մեր գիտելիքներին»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day