Երեւանում մեկնարկել է Մանկական բժիշկների 4-րդ ազգային կոնֆերանսը՝ միջազգային մասնակցությամբ

24 հոկտեմբերի, 2014  10:48

Երեւանում այսօր մեկնարկել է Մանկական բժիշկների 4-րդ ազգային կոնֆերանսը, որը կազմակերպվել է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Սերգեյ Սարգսյանն է պատմել, գիտաժողովին մասնակցում են ինչպես բժիշկներ Երեւանից եւ մարզերից, այնպես էլ հյուրեր Շվեյցարիայից, Դանիայից, Վրաստանից եւ Ռուսաստանից: Մասնակիցների ընդհանուր թիվը մոտ 350 է:

Երկու տարին մեկ կազմակերպվող այս միջոցառմանը, Սերգեյ Սարգսյանի խոսքով, հայ եւ արտերկրյա առաջատար մասնագետները շատ կարեւոր եւ հետաքրքիր դասախոսություններով են հանդես գալու: Ներկայացվելու են նաեւ հայ մանկաբույժների գիտական աշխատությունները: Քննարկվող թեմաների թվում են երեխաների սնուցումը, անեմիան, նյարդաբանական խնդիրները եւ դրանց հետազոտությունը, շնչառական ինֆեկցիաները եւ ալերգիկ հիվանդությունները:

Բացման իր խոսքի ժամանակ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում մանկաբուժության ոլորտում մեծ ձեռքբերումներ են եղել. մասնավորապես, նվազել է մանկական մահացությունը եւ ներդրվել է իմունիզացիայի արդյունավետ ծրագիր: Բայց դեռ շատ անելիքներ կան՝ ոլորտում առկա այլ խնդիրները լուծելու համար:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է նաեւ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով իր ելույթում նշել է, որ մոր եւ մանկան առողջությունը միշտ Հայաստանի բժշկության գերակա ուղղություններից մեկն է եղել, այդ իսկ պատճառով ոլորտի ֆինանսավորումը տարեցտարի աճում է:

Գիտաժողոցը երկու օր է տեւելու եւ ավարտվելու է վաղը՝ հոկտեմբերի 25-ին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում