Մանկական անեսթեզոիոլոգիայի առանձնահատկությունները

25 հոկտեմբերի, 2014  15:10

Որոշ դեպքերում նույնիսկ շատ փոքր երեխաները վիրահատությունների կարիք են ունենում, իսկ ցանկացած վիրահատության հաջող ընթացքի համար շատ կարեւոր են անեսթեզիոլոգի գործողություններն ու պրոֆեսիոնալիզմը: Փոքր երեխաներին ցավազրկելու համար ուղղակի անեսթեզիոլոգ լինելը բավական չէ, պնդում են բոլոր մասնագետները. պետք է նաեւ ծանոթ լինել երեխաների հետ աշխատելու բոլոր առանձնահատկություններին:

Մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Խաչատուր Քյուրքչյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է այն մասին, որ նույնիսկ մեկ օրեկան երեխաներին հարկ եղած դեպքում կարելի է անեսթեզիայի ենթարկել, սակայն այսպիսի փոքր երեխաների ցավազրկումը այլ մոտեցումներ է պահանջում, քանի որ մանկական անեսթեզոիոլոգիան շատ ավելի «նուրբ» է եւ դժվար կառավարելի:

Խաչատուր Քյուրքչյանի խոսքով՝ երեխաները շատ ավելի զգայուն են թթվածնային քաղցի նկատմամբ, իսկ նրանց սիրտ-անոթային համակարգը այնքան կոմպենսացված չէ, որքան մեծահասակներինը:

Այսօր մեկնարկած մանկական անեսթեզիոլոգիայի երկրորդ սիմպոզիումի ընթացքում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սոնա Մարտիրոսյանը ներկայացրել է զեկույց՝ «Անեսթեզիայի ռիսկը երեխաների մոտ» թեմայով:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ մանկական անեսթեզիան իրոք մի շարք առանձնահատկություններ ունի, եւ սխալ է այն կարծիքը, թե երեխան ուղղակի «չափերով փոքր մեծահասակ» է: Երեխաների հետ աշխատելիս պետք է մի շարք անատոմիական, ֆիզիոլոգիական եւ ֆարմոկոլոգիական առանձնահատկություններ հաշվի առնել: Այս ամենը հաշվի չառնելու եւ սխալ մոտեցում ցուցաբերելու դեպքում կարող են շատ լուրջ խնդիրներ առաջանալ, որոնք նույնիսկ կարող են երեխայի մահվան պատճառ դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում