Ձվի կանոնավոր օգտագործումը կարող է կապված լինել տարեցների շրջանում սրտանոթային հիվանդություններից մահվան ավելի ցածր ռիսկի հետ, ցույց է տալիս նոր հետազոտությունը:
Ավստրալիայի Մոնաշ համալսարանի հետազոտողները հետևել են 70 և ավելի տարեկան ավելի քան 8700 մեծահասակների:
Պարզվել է, որ նրանց համար, ովքեր նշում էին, թե շաբաթական մեկից վեց ձու են ուտում, ցանկացած պատճառով մահանալու վտանգը 15 տոկոսով ավելի ցածր է, քան ամիսը երկու անգամ կամ ավելի քիչ ձու ուտողների դեպքում, հայտնում է Euronews-ը։
Ըստ Nutrients հանդեսում հրապարակված արդյունքների՝ նրանց շրջանում միաժամանակ սրտանոթային հիվանդություններից մահանալու վտանգը 29 տոկոսով ցածր է:
«Մեր արդյունքները վկայում են, որ շաբաթական մինչև վեց ձու ուտելը կարող է նվազեցնել տարեց մարդկանց բոլոր պատճառներով և սրտանոթային հիվանդություններից մահացության վտանգը», - ասում է Մոնաշի համալսարանի համաճարակաբանության և կանխարգելիչ բժշկության դասախոս Հոլլի Ուայլդը: -Այս բացահայտումները կարող են օգտակար լինել տարեցների համար ապացույցների վրա հիմնված սննդային առաջարկությունների մշակման համար»:
Ձուն սպիտակուցի և հիմնական սննդանյութերի, մասնավորապես՝ B վիտամինների խմբի, ֆոլաթթուների, չհագեցած ճարպաթթուների, ճարպային լուծվող (E, D, A և K) վիտամինների, խոլինի և բազմաթիվ հանքանյութերի աղբյուր է, հավելում է Ուայլդը:
Սակայն ձու ուտելը երկար ժամանակ վտանգավոր է համարվում խոլեստերինի բարձր մակարդակով մարդկանց համար, ինչը կարող է հանգեցնել արյան անոթների խցանման՝ մեծացնելով սրտին առնչվող խնդիրների կամ ուղեղի կաթվածի հավանականությունը:
Այսպիսով, թիմը շարունակական հետազոտություն է անցկացրել խոլեստերինի բարձր մակարդակով կլինիկական (դիսլիպիդեմիա) ախտորոշում ունեցող մարդկանց շրջանում:
«Մենք պարզեցինք, որ դիսլիպիդեմիա ունեցող մասնակիցների շրջանում, ովքեր շաբաթական ձու էին ուտում, սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը 27 տոկոսով ավելի ցածր էր, քան նրանց շրջանում, ովքեր հազվադեպ կամ երբեք ձու չէին կերել, ինչը ենթադրում է, որ մասնակիցների այս խմբում դիսլիպիդեմիան չի ազդում ձվի օգտագործմանն առնչվող ռիսկի վրա», - նշեց Ուայլդը:
Եվրոպական առաջարկությունները տարբեր են երկրից երկիր, բայց Ամերիկյան սրտի ասոցիացիայի կողմից 2020 թվականի վերանայումը եզրակացրեց, որ առողջ մարդիկ կարող են առանց մտահոգվելու շաբաթական յոթ ձու ուտել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day