Տղամարդը, որին Ամերիկայում ամենատարածված քաղցկեղի ախտորոշումից հետո ապրելու համար ընդամենը մի քանի ամիս էր մնում, բուժվել է Մեքսիկայում ստացած փորձարարական բուժման շնորհիվ, գրում է Daily Mail-ը։
2023 թվականի մայիսին 62-ամյա Ալեն Ռապերթի մոտ ախտորոշվել է մաշկի քաղցկեղի մի տեսակ, որն ամեն տարի ԱՄՆ-ում ախտահարում է մոտ 1 միլիոն մարդու:
Բժիշկներն ասել են, որ նրա մոտ քաղցկեղի չորրորդ փուլն է, թենիսի գնդակի չափ ուռուցք աչքի տակ, որը կերել է նրա գանգի ոսկորը և արագորեն տարածվում է դեպի ուղեղ:
Նրանք խորհուրդ են տվել վիրահատությամբ հեռացնել նրա դեմքի աջ կողմի, քթի և աջ ակնագնդի հյուսվածքների մեծ մասը, ինչը նրան ընդմիշտ կայլանդակեր:
Նա նաև պետք է քիմիաթերապիայի բուժում անցներ։ Բայց նույնիսկ այդ դեպքում բժիշկները վստահ չէին, որ քաղցկեղը բուժելի է. ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիվանդների միայն վեց տոկոսն է ապրում չորս տարի կամ ավելի:
Վախենալով իր կյանքի և արտաքին տեսքի համար՝ Ռապերթը առցանց որոնումներից հետո որոշեց հրաժարվել վիրահատությունից և փոխարենը ընտրել փորձարարական բուժում:
Նա բուժման հինգ կուրս է անցել Մեքսիկայում և ախտորոշումից ընդամենը յոթ ամիս անց համարվել է քաղցկեղից բուժված:
Ռապերթը պատմել է, որ քաղցկեղի ախտանշաններն ի հայտ են եկել ախտորոշումից մոտ մեկ տարի առաջ, այն բանից հետո, երբ աջ աչքը սկսել է վատ փակվել, և սկսել է անընդհատ վարակվել:
Բայց միայն այն ժամանակ, երբ մի առավոտ արթնացավ և պարզեց, որ տեսողությունը մշուշապատ է, նա դիմեց բժիշկներին:
Լսելով իր բժշկի նախնական խորհուրդները և ցանկանալով երկրորդ կարծիք ստանալ՝ Ռապերթը բուժման համար դիմեց Կալիֆորնիայի Ուիլյամսի անվան քաղցկեղի ինստիտուտ, որը քաղցկեղի բուժման երկփուլ փորձարարական մեթոդ է օգտագործում:
Առաջին փուլում ինստիտուտն օգտագործում է էլեկտրական դաշտի իմպուլսային աբլացիա, որի դեպքում էլեկտրականության կարճ, ինտենսիվ ազդակները ներգործում են քաղցկեղային բջիջների վրա՝ ստիպելով դրանց մահանալ։
Այնուհետև թուլացած ուռուցք են ներարկում իմունոթերապիայի մոտ 12 դեղամիջոց, որոնք օգնում են իմունային համակարգին ճանաչել քաղցկեղի բջիջները և սկսել հարձակվել դրանց վրա:
Թեև ինստիտուտը հիմնված է ԱՄՆ-ում, այն բուժում է անցկացնում Մեքսիկայում, քանի որ օգտագործում է իմունոթերապիայի որոշ դեղամիջոցներ, որոնք Միացյալ Նահանգներում հավանություն չեն ստացել:
Ռապերթը հինգ շաբաթվա ընթացքում բուժման երեք կուրս է անցել, և նրա ուռուցքը կիսով չափ փոքրացել է:
Կենտրոնում բուժման առաջին կուրսից հետո նրա դեմքը զգալիորեն ուռել է, ինչը, բժիշկների կարծիքով, նշան է, որ նրա օրգանիզմն արձագանքում է դեղամիջոցներին և պայքարում է քաղցկեղի դեմ: Բուժման երրորդ կուրսից մոտ մեկ ամիս անց նրան ինքնաթիռով տեղափոխեցին Մեխիկոյում գտնվող ինստիտուտի կենտրոն, որտեղ նա անցավ բուժման ևս երկու կուրս։
2023 թվականի դեկտեմբերին՝ նախնական ախտորոշումից ընդամենը յոթ ամիս անց, սկանավորումը ցույց տվեց, որ քաղցկեղն ամբողջությամբ անհետացել է։ Այդ ժամանակից ի վեր նա տարեկան չորս սկանավորում է անցել քաղցկեղի առկայությունը ստուգելու համար, որոնցից ոչ մեկը քաղցկեղի բջիջներ չի հայտնաբերել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում