Google-ը քաղցկեղի վաղ ախտորոշմանը միտված դեղահաբ է մշակում

29 հոկտեմբերի, 2014  20:10

Google ընկերությունը քաղցկեղի, սրտանոթային խանգարումների եւ այլ ծանր հիվանդությունների վաղ ախտորոշմանը միտված նորագույն տեխնոլոգիաների մշակմամբ է զբաղվում, որոնք գլխավոր բաղադրիչը նանոմասնիկներ պարունակող դեղահաբը պետք է դառնա: Այս մասին տեղեկությունը Google X նորարարական լաբորատորիայի ղեկավար Էնդրյու Կոնրադն է հայտնել՝ ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում կազմակերպված գիտաժողովի ընթացքում: Նրա խոսքով, ընկերությունը ներկայացնող մասնագետները մեկ մետրի միլիարդերորդ մասի չափով լայնք ունեցող եւ մագնիսային նյութերով ու հակամարմիններով կոմբինացված նանոմասնիկներին մարդու օրգանիզմում առկա այս կամ այն մոլեկուլները ճանաչելու կարողություն հաղորդելու ուղղությամբ են աշխատում:

Տեխնոլոգիայի գաղափարն այն է, որ հիվանդը կարող է հիշյալ նանոմասնիկները պարունակող դեղահաբ կուլ տալ: Դրանք այնուհետեւ արյան հոսք կանցնեն եւ կսկսեն կոնկրետ հիվանդության ծագման կամ զարգացման մասին վկայող մոլեկուլների որոնմամբ զբաղվել եւ, աշխատանքն ավարտելուն պես, մագնիսային կրիչի ու բաղադրիչի օգնությամբ օրգանիզմի այս կամ այն հատվածում հավաքվելով, ձեռք բերված տեղեկությունների ամփոփումն ապահովել: Էնդրյու Կոնրադի հավաստիացմամբ, նմանատիպ՝ մեզի հետ միասին օրգանիզմից արտանետվող նանոմասնիկների կիրառությունը միանգամայն անվտանգ է մարդու համար:  Ընդ որում, հավաքագրված տեղեկությունների ամփոփում իրականացնող սարքը կարող է արդյունքների՝ ինտերնետի միջոցով բժշկին փոխանցում ապահովել՝ հիվանդի առողջական վիճակի մշտական դիտարկումն ապահովելու համար: Wired-ի հաղորդմամբ, Nanoparticle Platform անվանումը ստացած նախագիծը մեկն է Google-ի՝ առողջապահական ոլորտի նախաձեռնություններից, որոնց իրագործման համար ընկերությունը ներկայումս ակտիվորեն գործընկերների որոնմամբ է զբաղվում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում