Ամերիկացի բժիշկն իր ծնունդն ընդունած մանկաբարձին է վիրահատել

29 հոկտեմբերի, 2014  13:42

Ողջ կյանքի ընթացքում ԱՄՆ Սակրամենտո քաղաքում մասնագիտական գործունեություն ծավալած 83-ամյա նախկին մանկաբարձ Ջիմ Աֆլեքը սրտի վիրահատության է ենթարկվել՝ մի բժշկի կողմից, ում ծնունդը դեռեւս 45 տարի առաջ անձամբ է ընդունել: Ընդ որում, նրանց միջեւ կապը վիրաբույժի՝ Ռոբերտ Քինքեյդի շնորհիվ է բացահայտվել: Վերջինս ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին՝ նախքան վիրահատությունը տեղի ունեցած հանդիպման ընթացքում պատահաբար նշել է, թե որ բուժհաստատությունում է լույս աշխարհ եկել: Հիվանդանոցի անունը լսելով՝ Աֆլեքն անմիջապես արձագանքել է, թե այդ նույն հաստատությունում բազմաթիվ երեխաների ծնունդ է ընդունել:

FoxNews-ի ներկայացմամբ, ժամեր անց Քինքեյդն իր ծննդյան վկայականի վրա Աֆլեքի ստորագրությունն է գտել: Հիմա վերջինս վերածնված մարդ է համարում իրեն՝ պնդելով, թե բժիշկ Քինքեյդի ծննդյամբ եւ իր վիրահատությամբ կյանքի մի ամբողջ ցիկլ է ավարտվել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում