Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ ձգտում են իդեալական կազմվածքի։ Ոմանք իրենց հյուծում են խիստ դիետաներով, մյուսները փնտրում են համի և օգտակարության միջև ներդաշնակություն, իսկ երրորդները դեռ հավատում են կախարդական հաբի գոյությանը, որը խոստանում է գեղեցիկ կազմվածք առանց ջանքերի, սովի և ցավի։ Հնչում է ինչպես երազանք կամ գովազդային հնարք, սակայն ի՞նչ կլինի, եթե գիտությունը իրականում արդեն մոտ է նման «կախարդական» բանաձևի ստեղծմանը։
Մենք զրուցեցինք սպորտային սննգադագետ, կենսաբանական գիտությունների թեկնացու AMADEE-24 անալոգային առաքելության մասնակից Հովհաննես Ավագյանի հետ։ Նա մեզ ներկայացրեց հայաստանյան «խելացի սննդի» մշակումները, որոնք նախատեսված են տիեզերագնացների համար և հնարավոր է՝ ապագայում փոխեն մեր պատկերացումները սննդի մասին։
«Խելացի սնունդ» տիեզերագնացների համար
Ավագյանի խոսքով՝ Մարսի անալոգային առաքելության շրջանակում նա պատասխանատու էր սննդակարգի կազմման և մասնակիորեն տիեզերագնացների մարզման ծրագրերի համար։ «Նախագծի շրջանակում ես ծանոթացա Ավստրիայի Տիեզերական ֆորումի մասնագետների փորձին՝ անալոգային առաքելությունների համար սննդակարգեր մշակելու հարցում։ Սա մեզ ոգեշնչեց ստեղծել սեփական արտադրանք՝ բացառապես հայկական բաղադրիչների հիման վրա, ինչպիսիք են Prunus armeniaca՝ ծիրանը և խաղողի տեղական տեսակները։ Մենք օգտագործել ենք ծիրանի և խաղողի կորիզի յուղեր, ինչպես նաև ծիրանի սուբլիմատ՝ այսպես կոչված «ծիրանի ալյուր»։ Օգտագործվել են նաև այլ բաղադրիչներ, որոնք առայժմ գաղտնի են, քանի որ արտադրանքը դեռ արտոնագրված չէ», – նշեց Ավագյանը։
Cosmobar՝ կյանքի կոմպակտ աղբյուր
Նշված բաղադրիչները, շարունակեց նա, հիմնականում օգտագործվում են Cosmobar բարձր կալորիականությամբ սննդային սալիկ պատրաստելու համար, որն ունի մեծ քանակությամբ բուսական ծագման ճարպաթթուներ, բուսական ծագման ճարպեր և սպիտակուցներ, ինչպես նաև մրգային ածխաջրեր, այս դեպքում՝ ծիրանի սուբլիմատից ածխաջրեր։ «Այս սալիկը ծառայում է որպես էներգիայի աղբյուր։ Այն պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների, միկրոտարրերի, հանքանյութերի և բջջանյութի քանակությունը», – ասաց նա։ Սալիկը լիովին հագեցնում է, սակայն հագեցվածության զգացումը պահպանվում է 2-3 ժամ։
Տիեզերական «հրաշագործ դեղահա՞բ»
Առաքելության շրջանակներում մշակված մեկ այլ եզակի արտադրանք է Cosmogel-ը, որը, անկասկած, կգրավի ավելորդ քաշի դեմ պայքարող շատ մարդկանց ուշադրությունը։
Կոսմոգելն ունի յուրահատուկ հատկություններ՝ շնորհիվ իր բնական բաղադրիչների, ինչպիսիք են սնկերը և սպիրուլինան։ «Մեկ թեյի գդալ գելը բավարար է, որպեսզի մարդը մինչև 8 ժամ քաղց չզգա։ Գելի մեջ պարունակվող բաղադրիչները ակտիվացնում են քիմքի ռեցեպտորները, որոնք իմպուլս են ուղարկում ուղեղին և արգելափակում քաղցի գործընթացը», - ասում է Ավագյանը։
Գելն ունի մինչև 30 տարի պահպանման ժամկետ, ինչը այն իդեալական է դարձնում երկարաժամկետ տիեզերական առաքելությունների համար։ Իսկ գելի մեջ պարունակվող սպիրուլինան նպաստում է գլխուղեղի գործառույթների բարելավմանը, ինչը հատկապես կարևոր է տիեզերագնացների համար սահմանափակ տարածության և հոգեէմոցիոնալ սթրեսի պայմաններում։
Սակայն, արտադրանքի ներուժը տարածվում է տիեզերքից շատ ավելի հեռու։ «Անցյալ տարի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ մասնակցեցինք Միլանում կայացած միջազգային ցուցահանդեսին: Մեր մշակումները գրավել են առողջապահության ներկայացուցիչների ուշադրությունը, և բարձրացվել են հարցեր գելի օգտագործման վերաբերյալ՝ գիրության դեմ պայքարում։ Կային նաև առաջարկներ այն օգտագործելու բարձր սեյսմիկ ռիսկ ունեցող երկրներում՝ փլատակների տակ մնացած մարդկանց օգնելու համար», - ասաց նա:
Ինչպես բացատրեց Ավագյանը, սկզբում գելի համը կարող է անսովոր թվալ։ Բայց մի քանի փորձից հետո մարդիկ սովորում են դրան, և գելը դառնում է պահանջված։ Ավագյանը պատմեց, որ միջազգային ցուցահանդեսներում դրա համը համեմատում էին “Оyster sauce”-ի հետ։ Ավստրալացիներին այն հիշեցնում էր հայտնի Վեջիմայթի համը՝ թանձր մածուկ աղի և հարուստ համով, որը պատրաստված է խմորիչի էքստրակտից։ Եվրոպացիները Կոսմոգելը համեմատեցին Մարմիթի հետ, որը Վեջիմայթի բրիտանական համարժեքն է։
Տիեզերական «միս», որը աճում է մեկ օրում
Գելից բացի, հայ հետազոտողները մշակել են ևս մեկֆունկցիոնալ արտադրանք՝ «տիեզերական միս», որը ստեղծվել հատուկ սնկերի հիման վրա։ Նման սնկերը կարող են աճել առանց թթվածնի, ինչը դրանք հատկապես խոստումնալից է դարձնում Մարսի նման պայմաններում աճելու համար, որտեղ կա ջուր, բայց չկա թթվածին պարունակող մթնոլորտ։
Լաբորատորիայում սնկերը աճեցվում են ֆերմենտյորներում՝ ինչպես մեծ, այնպես էլ կոմպակտ։ Բարձր աճի արագության շնորհիվ, արդեն մեկ օրում 200-250 գրամ ծավալով ֆերմենտյորում կարելի է ստանալ մեկ մարդու համար սպիտակուցի օրական պահանջվող նորման։
Այս սնկային զանգվածն օգտագործվում է մսի նման կառուցվածքով և սննդային բաղադրությամբ արտադրանք ստեղծելու համար։ Սպիտակուցից բացի, նման սնկերը պարունակում են անմարսելի բջջային բաղադրիչներ, մասնավորապես՝ քիտին և գլյուկաններ, որոնք նպաստում են աղիքների բնականոն գործունեությանը սահմանափակ սննդիծավալի պայմաններում: Սա հատկապես կարևոր է տիեզերքում, որտեղ աղիքային պատշաճ պերիստալտիկայի ապահովումը կարևորագույն նշանակություն ունի մարմնի առողջության և հոմեոստազի համար։
Cosmoshake՝ տիեզերական “Red bull”
Մենք մշակել ենք կոսմոշեյք՝ ըմպելիք, որը պարունակում է ջրալուծվող B խմբի վիտամիններ, որոնք անհրաժեշտ են ուղեղի բնականոն աշխատանքի համար։ Այս ապրանքը հատկապես կարևոր է այն իրավիճակներում, երբ տիեզերագնացները ստիպված են լինում առանցքնի դիմանալ։ «Արտակարգ իրավիճակներում տիեզերագնացները կարող են աշխատել առանց քնելու 1-2 օր։ Երկարատև արթունության պայմաններում, հատկապես կարևոր է պահպանել կոգնիտիվ գործառույթները և նյարդային իմպուլսների փոխանցման արագությունը բարձրմակարդակի վրա։ Նման պայմաններում Cosmoshake օգնում է պահպանել կենտրոնացումը և մտավոր ակտիվությունը՝ օրգանիզմին ապահովելով անհրաժեշտ սննդանյութերով», - ասաց նա։
Տիեզերքից՝ Երկիր
Մշակված արտադրանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել տարբեր ոլորտներում։ «Մենք շարունակում ենք կատարելագործել մեր մշակումները, նպատակ ունենք ինտեգրել ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպիսիք են արհեստական բանականությունը և տվյալների վերլուծությունը՝ արտադրանքը հարմարեցնելու բնակչության տարբեր խմբերի, այդ թվում՝ մարզիկների, 2-րդ տիպի շաքարախտով մարդկանց և ճարպակալմամբ հիվանդների կոնկրետ կարիքներին», - ասաց նա։
«Հաջորդ ամիս մեր թիմը պլանավորում է ուղևորություն դեպի Միացյալ Նահանգներ, որտեղ շարունակելու ենք աշխատանքները մշակումների առաջխաղացման ուղղությամբ։ Մեր համար առաջնային ուղղությունը մնում է տիեզերական սնունդը և լուծումները տիեզերագնացների համար։ Այնուամենայնիվ, մենք նաև պլանավորում ենք ուսումնասիրել մեր մշակումների կիրառման այլ հնարավոր ոլորտները։ Մեկ ամսվա ընթացքում մենք կկարողանանք ավելի ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե որ ուղղությամբ կզարգանան մշակումները տիեզերագնացությունից բացի», - ասաց նա։
Ավագյանի խոսքով՝ խոստումնալից կիրառություններից մեկը գելի օգտագործումն է 2-րդ տիպի շաքարախտով մարդկանց, ինչպես նաև մարզիկների համար՝ աղի հավասարակշռությունը պահպանելու համար, ինչը նպաստում է նրանց ֆիզիկական աշխատանքային կարողությունների բարելավմանը։ Արտադրանքը կարող է նաև խորհուրդ տրվել նախա- և հետվիրահատական շրջաններում:
Եթե որոշում կայացվի ընդլայնել արտադրանքի օգտագործումը, այն կհարմարեցվի երկրային պայմաններին, այդ թվում՝ հաշվի առնելով ինքնարժեքը։ «Այս պահին արտադրության ինքնարժեքը բավականին բարձր է, ինչը կդժվարացնի դրա զանգվածային սպառումը։ Սակայն բաղադրիչների հարաբերակցության փոփոխության դեպքում գինը կարող է նվազել 3-4 անգամ, ինչը կբացի շուկայում ավելի լայն տարածման հնարավորություններ», - ասաց նա։ Ավագյանը նշեց, որ, օրինակ, գելի ինքնարժեքը ներկայումս 20 հազար դրամ է, բայց այն կարող է նվազեցվել մինչև 1 հազար դրամ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day