Գլխի և պարանոցի քաղցկեղի զարգացման ռիսկը նվազեցնում են երեք գործոն. SciTechDaily

29 ապրիլի, 2025  00:37

Ծխելը և ոգելից խմիչքը թողնելը, ինչպես նաև մարդու պապիլոմավիրուսի (HPV) դեմ պատվաստումը նպաստում են գլխի և պարանոցի շրջանում չարորակ ուռուցքների զարգացման վտանգի նվազեցմանը։ Դրա մասին հայտնել է Մայո կլինիկայի համալիր քաղցկեղի կենտրոնի ուռուցքաբան, դոկտոր Քեթրին Փրայսը։ Մասնագետի խոսքերը մեջբերում է SciTechDaily բժշկագիտական  հանդեսը։

Ըստ մասնագետի՝ գլխի և պարանոցի քաղցկեղը (հատկապես բերանի խոռոչի) այսօր ամենաարագ զարգացող և ամենաագրեսիվ ուռուցքաբանական հիվանդություններից մեկն է։ Այն բնութագրվում է չարորակ ուռուցքների առաջացմամբ բերանի խոռոչում, լեզվի, լնդերի, շրթունքների, ձայնալարերի, կոկորդի և քթի խոռոչների վրա։ Սակայն ուղեղի քաղցկեղը այս կատեգորիայի մեջ չի դասվում։

Փրայսը պարզաբանել է, որ գլխի և պարանոցի քաղցկեղը կարելի է բաժանել երկու տարբեր խմբերի՝ մարդու պապիլոմավիրուսին (HPV) առնչվող և դրա հետ կապ չունեցող քաղցկեղներ։ Ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը մեծացնում է մարդու պապիլոմավիրուսի հետ կապ չունեցող քաղցկեղի զարգացման վտանգը։

Ծխախոտի ծուխը պարունակում է ԴՆԹ-ի մուտացիաներ առաջացնող քաղցկեղածին նյութեր, իսկ օրգանզիմում առկա ալկոհոլը վերածվում է ացետալդեհիդի՝ բջջային կառուցվածքները վնասղ թունավոր նյութի։ Երկու գործոններն էլ միաժամանակ ուժեղացնում են բորբոքումը և թուլացնում իմունային համակարգը, ինչը նպաստում է ուռուցքների զարգացմանը։

Դոկտոր Փրայսը խորհուրդ է տալիս ոչ միայն հրաժարվել վատ սովորություններից, այլև նախապես պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ։ Վիրուսի որոշ շտամներ, մասնավորապես HPV-16-ը, իրենց ԴՆԹ-ն ներդնում են բջիջների մեջ՝ խաթարելով աճը և բաժանումը վերահսկող գեների գործունեությունը։ Արդյունքում, բջիջները սկսում են անվերահսկելիորեն բաժանվել, ինչը հանգեցնում է ուռուցքի առաջացմանը։

HPV-ով վարակվել հնարավոր է մաշկի և լորձաթաղանթների ցանկացած սերտ շփման միջոցով։ Շատ դեպքերում, մարդու պապիլոմավիրուսը փոխանցվում է սեռական ճանապարհով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում