Նեյրոինտերվենցիոն վիրաբուժության ընկերության (SNIS) 22-րդ տարեկան հանդիպմանն այսօր ներկայացված երեք հետազոտություններ քննարկել են, թե արդյոք GLP-1 ինհիբիտորների օգտագործումը կարող է նվազեցնել ուղեղի կաթվածի և դրան առնչվող գլխուղեղի վնասվածքի հետևանքները, կամ առհասարակ նվազեցնել ուղեղի կաթվածի ռիսկը, գրում է Medical Xpress բժշկագիտական հանդեսը։
Արյան մեջ շաքարի մակարդակը իջեցնող և հաճախ քաշի կորստի հանգեցնող այդ դեղամիջոցները սովորաբար նշանակվում են 2-րդ տիպի շաքարախտի և ճարպակալման դեպքում և ներառում են այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսին է սեմագլուտիդը (Օզեմպիկ):
Առաջին հետազոտության մեջ Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի գիտնականներն օգտագործել են համալսարանին առընթեր բժշկական կենտրոնի և գլոբալ առողջապահական համագործակցության բուժառուների տվյալները՝ պարզելու համար, թե արդյոք բուժառուներն իշեմիկ ինսուլտի սուր փուլում ընդունո՞ւմ են սեմագլուտիդ։
Ուղեղի կաթված տարած բուժառուների շրջանում Օզեմպիկով բուժման արդյունքներն ավելի լավն էին, քան Օզեմպիկ չընդունող բուժառուների շրջանում։ Համաշխարհային տվյալների բազան ներառում էր 2 միլիոն 21 հազար 704 ուղեղի կաթված տարած բուժառուի, որոնցից 43 հազար 338-ը նաև ընդունել են Օզեմպիկ, իսկ Վիսկոնսինի համալսարանի տվյալների բազան ներառում էր 13 հազար 510 ուղեղի կաթված տարած բուժառուի, որոնցից 190-ն օգտագործել են դեղամիջոցը։ Երկու խմբերում էլ Օզեմպիկ օգտագործողների շրջանում ուղեղի կաթվածից մահացությունն ավելի ցածր էր։
Երկրորդ հետազոտության մեջ, որը նույնպես անցկացրել է Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանը, հետազոտողներն ուսումնասիրել են շտապօգնության բաժանմունքների գրառումների մեծ ազգային ընտրանքը, որոնք վերաբերում էին ուղեղի կաթված տարած և Օզեմպիկ ընդունող մարդկանց:
Նրանք կապ են հայտնաբերել Օզեմպիկ պոտենցիալ ընդունողների և ուղեղի կաթվածի ռիսկի զգալի նվազման միջև։
Երրորդ հետազոտությունը ներկայացրել են Թեքսասի համալսարանին առընթեր Գալվեսթոնի բժշկական մասնաճյուղի հետազոտողները։
Նրանք հետազոտել են, թե արդյոք GLP-1 ինհիբիտորները կարող են բարելավել ուղեղային արյունազեղումներ (ինչպես ինքնաբուխ, այնպես էլ ուղեղի անևրիզմայի պատռվածքից առաջացած) և ուղեղի կաթված ունեցող բուժառուների արդյունքները։ Խումբը վերլուծել է բուժառուների գրառումները յուրաքանչյուր ուղեղային արյունահոսությունից 6 և 12 ամիս անց, ինչպես նաև յուրաքանչյուր կաթվածից 1 տարի և 2 տարի անց և պարզել, որ GLP-1 ինհիբիտորների օգտագործումը կապված է ճանաչողական կողմնակի ազդեցությունների, նոպաների, ապագայում ուղեղային արյունահոսությունների և ուղեղային արյունահոսությունից ու կաթվածից հետո մահվան ռիսկի նվազման հետ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում