Երեւանում մեկնարկել է տարածաշրջանային աշխատաժողով` նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտին

3 նոյեմբերի, 2014  17:19

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում այսօր մեկնարկեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ներդրումների արդյունա-վետության ուսումնասիրությանը նվիրված տարածաշրջանային աշխատաժողովը։ Այն կազմակերպվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, Համաշխարհային բանկի, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Ավստրալիայի Հարավային Ուելսի համալսարանի աջակցությամբ: Աշխատաժողովին մասնակցում են միջազգային այդ կառույցների եւ ՄԱԿ-ի գործակալությունների, Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի հիմնական նպատակն է օգնել մասնակից երկրների կառավարություններին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված ներդրումներն առավել արդյունավետ ծախսել՝ առողջապահության վրա առավելագույն ազդեցություն ունենալու նպատակով:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարեւորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին արդյունավետ հակազդումն ու դիտարկելով այն առողջապահության ոլորտի առաջնահերթությունների թվում, դեռեւս 2002 թվականից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ռազմավարական եւ ազգային ծրագրեր է մշակում, համակարգված միջոցառումներ իրականացնում»,-ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։

Այդ ծրագրերն ու դրանց արդյունավետությունը բազմիցս արժանացել են բարձր գնահատականի: Հայաստանի առողջապահության նախարարության կողմից Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի կատարողականն, օրինակ, 2012 թվականի հոկտեմբերից մինչեւ 2014 թվականի մարտն ընկած ժամանակահատվածի համար 3 անգամ գնահատվել է գերազանց` արժանանալով А1 գնահատականի, ինչը նշանակում է 100%-ից բարձր կատարողական: Այդ ամենի արդյունքում Հայաստանը Գլոբալ հիմնադրամից ստացել է հրավեր ներկայացնելու դրամաշնորհային նոր հայտ:

«Հաշվի առնելով ֆինանսական միջոցների որոշակի սղությունը, բուժում ստացող հիվանդների անընդհատ աճող թիվը եւ կանխարգելիչ միջոցառումների կարեւորությունը, անհրաժեշտ է առկա ֆինանսական միջոցներն օգտագործել առավել արդյունավետ եւ ծախսարդյունավետ կերպով` հիմք ընդունելով տվյալ երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի ենթատեքստն ու զարգացման միտումները, բնակչության խոցելի խմբերը, առաջնահերթ ռազմավարություններն ու կարիքները»,-նշեց Վահան Պողոսյանը:

«Հայաստանի առողջապահության նախարարությունն իր բազմակողմանի աջակցությունն է հայտնում կարեւոր այն գործընթացներին, որոնք նպաստում են մեր տարածաշրջանի երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ ուղղված միջոցառումներն իրավիճակին համարժեք դարձնելուն` առավել նպատակային օգտագործելով առկա հնարավորությունները»,-հավելեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը` աշխատաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Աշխատաժողովի 5 օրվա ընթացքում մասնակիցները կքննարկեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ռազմավարությունների թիրախները եւ դրանց հասնելու համար անհրաժեշտ ծախսերը, կանդրադառնան նաեւ ներդրումներին, հակառետրովիրուսային բուժման տարբեր ուղեցույցների օգտագործման ազդեցություններին:

Աշխատաժողովի աշխատանքների արդյունքում կհզորանան մասնակից երկրների մասնագետների՝ «Օպտիմա» ծրագրով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ներդրումների արդյունավետության ուսումնասիրության ունակությունները, կմշակվեն ներդրումների արդյունավետության վերաբերյալ զեկույցներ, որոնք հիմք կհանդիսանան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ներդրումների արդյունավետ բաշխման համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում