Գուավան կարող է օգնել լյարդի քաղցկեղի դեմ պայքարում․ Angewandte Chemie

20 օգոստոսի, 2025  15:47

Ամերիկացի քիմիկոսները բնական նյութերն էժան սինթեզելու միջոց են գտել, որոնք ճնշում են լյարդի քաղցկեղի զարգացումը։ Լյարդի քաղցկեղը աշխարհում ամենատարածված և մահացու ուռուցքաբանական հիվանդություններից է։ Աշխատանքը հրապարակվել է Angewandte Chemie ամսագրում։

Կլինիկական պրակտիկայում կիրառվող շատ դեղամիջոցներ հիմնված են բնական միացությունների վրա։ Օրինակ, ուռենու կեղևը պարունակում է սալիցին, որից օրգանիզմն արտադրում է սալիցիլաթթու՝ ասպիրինի անալոգը։ Սակայն նման դեղամիջոցների զանգվածային արտադրության համար սովորաբար ռեսուրսները բավարար չեն։ Այդ իսկ պատճառով, պրոֆեսոր Ուիլյամ Չեյնի թիմը մշակել է գուավայի մեջ պարունակվող բնական մոլեկուլների ամբողջական սինթեզի մեթոդ, որոնք ունեն հակաուռուցքային ազդեցություն։

Գիտնականները քիմիական «բաղադրատոմս» են առաջարկել, որը թույլ է տալիս մեծ քանակությամբ միացություններ ստանալ մատչելի հումքից։

«Այժմ ցանկացած հետազոտող կկարողանա վերարտադրել մեր ճանապարհը և հնարավոր է, գտնել ավելի կարճ ու արդյունավետ երթուղի։ Մենք առաջինն ենք ճանապարհ հարթել», - նշել է ասպիրանտ և հոդվածի համահեղինակ Լիամ Օ'Գրեյդին։

Հայտնագործության հեռանկարները հսկայական են. միայն ԱՄՆ-ում տարեկան հայտնաբերվում է լյարդի և լեղուղիների քաղցկեղի 42 հազարից ավելի դեպք, ընդ որում, ավելի քան 30 հազար հիվանդ է մահանում։ Հիվանդության ուշ փուլերում հնգամյա գոյատևումը չի գերազանցում 15%-ը, իսկ առկա քիմիաթերապիաները առողջապահական համակարգի համար արժեն միլիարդավոր դոլարներ։

Հետազոտողներն այժմ համագործակցում են ԱՄՆ-ի Քաղցկեղի ազգային ինստիտուտի հետ՝ սինթեզված մոլեկուլների արդյունավետությունը մյուս ուռուցքաբանական հիվանդությունների բուժման համար ստուգելու նպատակով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում