Բրազիլացի գիտնականները պարզել են, որ մարակույան (Passiflora tenuifila) կարող է զգալի հակաբորբոքային ազդեցություն ունենալ և դրականորեն ազդել խոլեստերինի նյութափոխանակության վրա՝ ավելորդ քաշ ունեցող անձանց մոտ: Կլինիկական ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Food & Function (F&F) ամսագրում:
Փորձարկմանը մասնակցել են 16 կամավորներ, որոնք երկու շաբաթվա ընթացքում ընդունել են մարակույայի փոշի կամ պլացեբոյի խառնուրդ՝ բջջանյութի համարժեք քանակությամբ։ Արդյունքում, առաջին խմբի մասնակիցների մոտ նվազել են բորբոքային մարկերների՝ IL-6-ի և sICAM-1-ի մակարդակները, բարելավվել է անոթների ֆունկցիան և բարձրացել է «լավ» խոլեստերինի (ԼՊՀՁ) մակարդակը։
Գենետիկ վերլուծությունը ցույց է տվել, որ միրգն ակտիվացնում է ավելի քան 370 գեն, որոնք ներգրավված են լիպիդային և ածխաջրային փոխանակության մեջ, ներառյալ ABCA1 գենը, որը կենսականորեն կարևոր է բջիջներից ավելորդ խոլեստերինի դուրսբերման համար։ Գիտնականները նշում են, որ մարակույան նաև ազդում է PPAR-α և NF-κB ազդանշանային ուղիների վրա, որոնք կարգավորում են բորբոքումն ու նյութափոխանակությունը
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ մարակույան կարող է դառնալ օգտակար օժանդակ միջոց սիրտ-անոթային և նյութափոխանակային հիվանդությունների կանխարգելման համար, ներառյալ շաքարային դիաբետը և աթերոսկլերոզը։ Գիտնականները ենթադրում են, որ նմանատիպ ազդեցությունը պայմանավորված է մրգի կազմում առկա կենսաակտիվ նյութերի բազմազանությամբ։ Դրանց թվում են պոլիֆենոլային միացությունները, վիտամին C-ն և հակաօքսիդանտները։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day