Ըստ Nutrients բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտության՝ օրական երկու բաժին հունական յոգուրտն ի վիճակի է խթանել ոսկրային հյուսվածքի նյութափոխանակությունը 55 տարեկանից բարձր մարդկանց շրջանում։
Հետազոտությանը մասնակցել է 55 տարեկանից բարձր 48 մարդ։ Որոշ կամավորներ պարբերաբար մարզվում էին, մինչդեռ մյուսները նստակյաց ապրելակերպ էին վարում։ Բոլոր մասնակիցներին հանձնարարվել է իրենց օրաբաժնին երկու բաժին՝ 175 գրամ հունական յոգուրտ ավելացնել։ Ութ շաբաթվա ընթացքում կամավորներն արյան անալիզներ են հանձնել և ենթարկվել մարմնակազմի գնահատականի։
Արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր մարզվում էին և իրենց օրաբաժնում ներառում էին յոգուրտ, ունեցել են CTX-I ոսկրային ռեզորբցիայի մարկերի բարձր մակարդակ, որը կարող է վկայել ոսկրային հյուսվածքների նյութափոխանակության աճի մասին։ Նստակյաց մասնակիցներն ունեցել են ինտերլեյկին-6-ի կտրուկ նվազում, որը խրոնիկական բորբոքման հիմնական մարկեր է, մինչդեռ ֆիզիկապես ակտիվները կայուն մակարդակներ են ունեցել։
Հեղինակներն ընդգծում են, որ հետազոտության արդյունքները պետք է մեկնաբանվեն զգուշությամբ. հունական յոգուրտի երկարաժամկետ օգուտները գնահատելու համար անհրաժեշտ են ավելի լայնածավալ հետազոտություններ։ Սակայն հետազոտողները արդեն կասկածում են, որ օգտակար ազդեցությունը պայմանավորված է սպիտակուցի և կալցիումի համադրությամբ։
Կալցիումը ոսկորների և ատամների հիմնական կառուցվածքային բաղադրիչն է, որը դրանց ամրություն է հաղորդում: Օրգանզիմի գրեթե ամբողջ կալցիումը կենտրոնացած է ոսկրային հյուսվածքում. անբավարարությունը մեծացնում է կոտրվածքների և օստեոպորոզի վտանգը: Ավելին, կալցիումը մասնակցում է ոսկրային հյուսվածքի մշտական նորացմանը, մի գործընթաց, որը պահպանում է դրա ամբողջականությունը։
Սպիտակուցն, իր հերթին, անհրաժեշտ է կոլագենի ձևավորման համար՝ ոսկորների հիմնական օրգանական «կմախքը», որը կազմում է ոսկրային մատրիցայի մեծ մասը: Այն ոսկորներին ճկունություն է հաղորդում և նվազեցնում է փխրունությունը, ինչպես նաև նպաստում է կալցիումի կլանմանը և պահպանում է ոսկրային նյութափոխանակությունը կարգավորող հորմոնները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day