Մայո կլինիկայի գիտնականները պարզել են, թե ինչպես են այսպես կոչված «զոմբի-բջիջները» նպաստում բորբոքմանը եւ արագացնում լյարդի ճարպային հիվանդության ծանր ձեւի՝ նյութափոխանակության հետ կապված ստեատոհեպատիտի (MASH) զարգացումը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Հիվանդությունը ավելի տարածված է դառնում ամբողջ աշխարհում ճարպակալման աճի ֆոնին եւ արդեն լյարդի փոխպատվաստման առաջատար պատճառներից մեկն է։
«MASH-ի հիմնական առանձնահատկությունները լյարդի սպիացումն ու բորբոքումն են։ Եթե այն չբուժվի, կարող է վերածվել լյարդի քաղցկեղի։ Ահա թե ինչու է այդքան կարեւոր հասկանալ դա առաջացնող մեխանիզմները»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Ստելա Վիկտորելին։
«Զոմբի-բջիջները» ծերացող բջիջներ են, որոնք դադարում են բաժանվել, բայց մնում են կենդանի եւ սկսում են արտազատել նյութեր, որոնք վնասում են հյուսվածքները եւ բորբոքում առաջացնում։ Երբ մենք երիտասարդ ենք, իմունային համակարգը արդյունավետորեն հեռացնում է այդ բջիջները, բայց տարիքի հետ դրանք կուտակվում են եւ դառնում քրոնիկական բորբոքման աղբյուր։ Հետազոտողները պարզել են, որ այս բջիջներում միտոխոնդրիալ ՌՆԹ-ն (սովորաբար գտնվում է բջջի էներգետիկ կենտրոններում) ներթափանցում է բջջի միջուկ, որտեղ այն սխալմամբ վիրուսային ՌՆԹ են ընդունում։ Սա գործի է դնում իմունային համակարգի RIG I եւ MDA5 սենսորները, որոնք ակտիվացնում են հզոր բորբոքային պատասխան, որը վնասում է շրջակա առողջ հյուսվածքները: Երբ գիտնականներն արգելափակել են այդ սենսորները, բորբոքումը զգալիորեն նվազել է։
Նաեւ պարզվել է, որ BAX եւ BAK սպիտակուցները, որոնք նպաստում են միտոխոնդրիալ թաղանթում ծակոտիների առաջացմանը, նպաստում են միտոխոնդրիալ ՌՆԹ արտազատմանը ցիտոպլազմայում: Նախակլինիկական մոդելային համակարգում BAX եւ BAK արգելակումը կանխել է ՌՆԹ արտահոսքը՝ նվազեցնելով բորբոքումը եւ բարելավելով լյարդի հյուսվածքի վիճակը։
Հետազոտության արդյունքներն օգնել են բացատրել, թե ինչու է զոմբի-բջիջների կուտակումը կապված տարիքային հիվանդությունների հետ եւ ընդգծել են MASH-ի եւ քրոնիկական բորբոքման հետ կապված այլ վիճակների բուժման նոր թերապեւտիկ թիրախները: Գիտնականները կարծում են, որ եթե ծերացող բջիջների վնասակար նշանները կարողանան մեղմվել, դա կարող է օգնել կանխել կամ դանդաղեցնել լյարդի բորբոքային հիվանդությունների եւ տարիքային այլ պաթոլոգիաների խորացումը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում