✕

Երեք բաղադրիչներից բաղկացած փոշին մեկ վայրկյանում սպիացնում է վերքերը․ AFM

6 հունվարի, 2026  13:02

KAIST-ի (Կորեայի գիտության և տեխնոլոգիաների առաջատար ինստիտուտ) գիտնականները մշակել են փոշենման միջոց, որը վերքի վրա ցանելիս մեկ վայրկյանում վերածվում է խիտ հիդրոգելի և ակնթարթորեն դադարեցնում է արյունահոսությունը: Աշխատությունը հրապարակվել է Advanced Functional Materials (AFM) ամսագրում:

Սովորական սպեղանիներն ու սպունգները լավ են գործում փոքր կտրվածքների դեպքում, սակայն քիչ արդյունավետ են լինում խորը, անհարթ կամ ուժեղ արյունահոսող վերքերի ժամանակ: Բացի այդ, դրանցից շատերը զգայուն են ջերմաստիճանի և խոնավության նկատմամբ, ինչի պատճառով դրանք դժվար է օգտագործել հիվանդանոցից դուրս:

Նոր նյութը, որը ստացել է AGCL անվանումը, նախատեսված է որպես ունիվերսալ միջոց արտակարգ իրավիճակների համար՝ վիրահատարաններից մինչև բնական աղետների գոտիներ:

Փոշին բաղկացած է բնական, կենսահամատեղելի բաղադրիչներից։ Ալգինատը և գելանային խեժը, արյան մեջ առկա կալցիումի հետ շփվելիս, ակնթարթորեն առաջացնում են գել, որը ֆիզիկապես հերմետիկացնում է վերքը։ Խիտոզանն ուժեղացնում է ազդեցությունը՝ կապվելով արյան բաղադրիչների հետ և լրացուցիչ կերպով ճնշելով արյունահոսությունը։ Արդյունքում վերքի մակերեսին արագորեն ձևավորվում է եռաչափ պատնեշ, որը պահպանվում է նույնիսկ բարձր ճնշման դեպքում։

Նյութն ընդունակ է ներծծել սեփական քաշից ավելի քան յոթ անգամ շատ արյուն և ցուցաբերում է 40 կՊա-ից բարձր ադհեզիա (կպչունության ուժ), որն էլ համեմատելի է ձեռքով ուժեղ սեղմելու հետ։

Կենդանիների վրա կատարված փորձարկումների ժամանակ, ներառյալ լյարդի վնասման մոդելները, AGCL-ն զգալիորեն կրճատել է արյան կորստի ծավալը և հեմոստազի (արյունահոսության դադարեցման) ժամանակը՝ համեմատած շուկայում առկա միջոցների հետ։ Ընդ որում, ապաքինումն ընթացել է ավելի արագ, իսկ երկու շաբաթ անց լյարդի ֆունկցիան լիովին վերականգնվել է։

«Մենք ձգտում էինք ստեղծել մի նյութ, որը կգործի արագ և հուսալի նույնիսկ այնպիսի պայմաններում, որտեղ անհնար է օգտագործել ավանդական բժշկական միջոցները», - նշել են գիտնականները:

Հետազոտողների խոսքով՝ փոշին պահպանում է իր հատկությունները մինչև երկու տարի՝ սենյակային ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում: Հեղինակներն ընդգծում են, որ տեխնոլոգիան ստեղծվել է՝ հաշվի առնելով էքստրեմալ իրավիճակները, սակայն հեռանկարում կարող է լայնորեն կիրառվել անհետաձգելի բժշկության և դաշտային վիրաբուժության մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում