The Lancet բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր, լայնածավալ գենետիկական հետազոտությունը ցույց է տվել, որ թոքաբորբի զարգացման վտանգի վրա ազդում են ոչ միայն ծխելը և ճարպակալումը, այլև որոշակի գեները՝ մատնանշելով մարդու խոցելիությունը այդ լուրջ վարակի նկատմամբ զգալիորեն մեծացնող ժառանգական և վարքային գործոնների համադրությունը։
Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի գիտնականները վերլուծել են Ֆինլանդիայի և Էստոնիայի բնակիչների ավելի քան 600 հազար գենետիկական և բժշկական տվյալներ՝ պարզելու համար, թե որ գործոններն են մեծացնում թոքաբորբի զարգացման հավանականությունը՝ թոքերի բորբոքում, որը դեռևս հոսպիտալացման և մահացության հիմնական պատճառներից մեկն է ամբողջ աշխարհում։
Հետազոտողները բացահայտել են թոքաբորբի բարձր ռիսկին առնչվող 12 գենոմային շրջաններ, որոնցից ութը հայտնաբերվել են առաջին անգամ։ Այդ գեները հաճախ ներգրավված են բորբոքային գործընթացների կարգավորման մեջ՝ առանցքային մեխանիզմ, որի միջոցով օրգանիզմը պայքարում է վարակների դեմ։
Գենետիկ նախատրամադրվածությունից զատ, գիտնականները հաստատել են, որ ծխելը և մարմնի բարձր զանգվածի ինդեքսը (ճարպակալումը) ինքնին մեծացնում են թոքաբորբի զարգացման վտանգը։ Կարևոր է նշել, որ նրանք ցույց են տվել, որ այդ կապը կարող է պատճառահետևանքային լինել, այսինքն՝ ծխելը և ճարպակալումը անմիջականորեն նպաստում են հիվանդության վտանգի աճին, և սոսկ կապված չեն դրա հետ։
Թոքաբորբի կրկնվող դեպքեր ունեցող որոշ բուժառուների և տարեցների շրջանում նիկոտինային կախվածությանն առնչվող գեները առանձնահատուկ նշանակություն ունեին, ինչն ընդգծում էր՝ ինչպես ծխելը զգալիորեն խաթարում շնչառական համակարգի պաշտպանական մեխանիզմները։
Թոքաբորբը կարող է առաջանալ մանրէներից, վիրուսներից կամ սնկերից, և դրա ծանրությունը տատանվում է մեղմից մինչև կյանքին սպառնացող։ Ֆինլանդիայում տարեկան մոտ 50 հազար մարդ է հիվանդանում թոքաբորբով, որոնցից մոտավորապես կեսը հոսպիտալացման կարիք ունի։
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ ժառանգական ռիսկի գործոնների ըմբռնբումը ոչ միայն կօգնի բացատրել՝ ինչու են մարդկանցից ոմանք ավելի հաճախ հիվանդանում, այլև կօգնի ապագայում մշակել կանխարգելման և բուժման նոր մոտեցումներ, որոնք ուղղված կլինեն որոշակի գենետիկական մեխանիզմների։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում