Մարդկանց մեծամասնությունը մրսում է ձմռանը՝ բախվելով հոգնածության, հարբուխի (քթից արտահոսքի), փռշտոցի, հազի և քթի փակվածության հետ։
Սովորաբար սեզոնը տևում է նոյեմբերի կեսերից մինչև մայիսի վերջ, սակայն 2025 թվականին դեպքերի աճը սկսվել է երեք-չորս շաբաթ ավելի շուտ, քան նախորդ երկու սեզոններին՝ համաձայն Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) տվյալների, հայտնում է Euronews-ը։
Այս հիվանդություններից և ոչ մեկը չունի հատուկ բուժում, սակայն պարզ միջոցները օգնում են թեթևացնել վիճակը և արագացնել ապաքինումը
Խմեք բավարար քանակությամբ հեղուկ, նախընտրելի է՝ տաք վիճակում
Բավարար քանակությամբ ջրի ամենօրյա օգտագործումը կարող է կանխել քթի փակվածությունը, նոսրացնել լորձը և ամրապնդել իմունիտետը։
Հյութերը, արգանակները և մեղրով, լիմոնով կամ կոճապղպեղով ջուրն օգնում են ջրազրկման և շնչուղիների գրգռվածության դեպքում։ Տաք ըմպելիքները հաճախ ավելի արդյունավետ են։
Այնուամենայնիվ, ոչ բոլոր հեղուկներն են օգտակար։ Խուսափեք ալկոհոլից, սուրճից և կոֆեին պարունակող այլ ըմպելիքներից։ Դրանք ունեն միզամուղ ազդեցություն, ուժեղացնում են ջրազրկումը և սրում են հազը, քթի փակվածությունն ու կոկորդի ցավը։
Ողողեք կոկորդը՝ գրգռվածությունը թեթևացնելու համար
Հեղուկները կարելի է օգտագործել նաև ողողումների համար՝ կոկորդի բորբոքումը նվազեցնելու և լորձը հեռացնելու նպատակով։ Մեկ թեյի գդալ աղը լուծեք մի բաժակ տաք ջրի մեջ և ողողեք կոկորդը։ Սա օգնում է մեղմել ցավն ու գրգռվածությունը։
Ավելի շատ հանգստացեք
Վիրուսների դեմ պայքարելու և հիվանդությունից հետո վերականգնվելու համար՝ օրգանիզմին հանգիստ է անհրաժեշտ։ Գիշերային յոթից ինը ժամ տևողությամբ քունը և անհրաժեշտության դեպքում, ցերեկային կարճատև քունը նպաստում են իմունային համակարգի վերականգնմանը և արագացնում ապաքինումը։
Թեթև ախտանիշների դեպքում կարող են օգտակար լինել թեթև ծանրաբեռնվածությունները, օրինակ՝ յոգան և կարճատև զբոսանքները։
Բարձր ջերմությամբ ուղեկցվող գրիպի, ինչպես նաև կրծքավանդակին առնչվող ախտանիշների դեպքում հարկավոր է ամբողջությամբ բացառել ֆիզիկական ակտիվությունը՝ բարդություններից խուսափելու համար։
Խոնավացրեք սենյակի օդը
Չոր օդը կարող է սրել մրսածության ախտանիշները և կոկորդի ցավը: Խոնավ օդն օգնում է վերացնել քթի փակվածությունը՝ խոնավեցնելով շնչուղիները և հեշտացնելով լորձի մաքրումը:
Բարձր խոնավությունը նաև կրճատում է օդում որոշ շնչառական վիրուսների գոյատևման ժամանակը։
Ընդունեք համապատասխան դեղամիջոցներ
Մրսածությունը բուժող սպեցիֆիկ դեղամիջոցներ չկան, սակայն որոշ միջոցներ օգնում են թեթևացնել ախտանիշները։ Կարևոր է ընդունել համապատասխան դեղամիջոցներ և չչարաշահել դրանք։
Քթի փակվածության դեմ միջոցները, օրինակ՝ աղային սփրեյները կամ կաթիլները, օգնում են բացել քիթը։
Ցավազրկողները, ինչպիսին է իբուպրոֆենը, կարող են մեղմել ախտանիշների մի մասը և օգնել մեծահասակների բարձր ջերմության դեպքում։
Կարևոր է չընդունել հակաբիոտիկներ, դրանք չեն ազդում վիրուսային վարակների վրա, իսկ անհարկի օգտագործումը կարող է հանգեցնել դեղակայունության զարգացմանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում