• Latest news

Neurology. Կանոնավոր ընթերցանությունը, գրելը և օտար լեզուների ուսումնասիրությունը կարող են գրեթե 40%-ով նվազեցնել դեմենցիայի ռիսկը

15 փետրվարի, 2026  15:25

Կանոնավոր ընթերցանությունը, գրելը և օտար լեզուների ուսումնասիրությունը կարող են գրեթե 40%-ով նվազեցնել դեմենցիայի ռիսկը. նման եզրահանգման են եկել ամերիկացի հետազոտողները։

Բացի այդ, առավել ակտիվ մտավոր գործունեություն ունեցող մարդկանց մոտ հիվանդությունն ի հայտ է եկել միջինում հինգից յոթ տարի ուշ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում։

Աշխատությունը ենթադրում է, որ ողջ կյանքի ընթացքում մտավոր ակտիվությունը կարող է հետաձգել կամ նույնիսկ կանխել Ալցհայմերի հիվանդության՝ դեմենցիայի ամենատարածված ձևի, զարգացումը։

Այսօր դեմենցիան համարվում է առողջապահության համաշխարհային խոշորագույն սպառնալիքներից մեկը։

Ըստ կանխատեսումների, մինչև 2050 թվականն այս ախտորոշմամբ մարդկանց թիվը կարող է գերազանցել 150 միլիոնը։ Հետևաբար, ճանաչողական անկումը դանդաղեցնող գործոնների որոնումն ունի հսկայական նշանակություն։

Չիկագոյի Ռաշ համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները հետևել են միջինում 80 տարեկան 1939 տարեցների, որոնք հետազոտության սկզբում դեմենցիա չեն ունեցել։ Ուսումնասիրությունը տևել է մոտ ութ տարի։ Մասնակիցները լրացրել են հարցաթերթիկներ իրենց կյանքի տարբեր փուլերի՝ մանկության, միջին տարիքի և ծերության կենսակերպի մասին։

«Ճանաչողական հարստացման» շարքին են դասվել մանկության տարիներին ընթերցանության հաճախականությունը, տանը գրքերի և թերթերի առկայությունը, հինգ տարուց ավելի օտար լեզվի ուսումնասիրությունը, գրադարաններ և թանգարաններ այցելելը, կրթական ռեսուրսների հասանելիությունը, ինչպես նաև տարեց հասակում կարդալը, գրելը և մտավոր խաղերը։

Հետազոտության ընթացքում Ալցհայմերի հիվանդություն է զարգացել 551 մասնակցի, իսկ թեթև ճանաչողական խանգարումներ՝ 719-ի մոտ։ Կյանքի ընթացքում մտավոր բարձր ակտիվություն ունեցողների շրջանում Ալցհայմերն ի հայտ է եկել 21%-ի մոտ, մինչդեռ նվազ ակտիվների շրջանում՝ 34%-ի։ Տարիքի, սեռի և կրթության գործոնները հաշվի առնելուց հետո պարզվել է, որ «ճանաչողական հարստացման» բարձր մակարդակը կապված է Ալցհայմերի ռիսկի 38% և թեթև ճանաչողական խանգարումների ռիսկի 36% նվազման հետ։

Հեղինակներն ընդգծում են․ աշխատությունը ցույց է տալիս կապը, սակայն չի ապացուցում ուղղակի պատճառահետևանքային կախվածություն։ Այնուամենայնիվ, արդյունքները հաստատում են, որ դեմենցիան ծերացման անխուսափելի մաս չէ, իսկ կենսակերպը կարող է նշանակալի դեր խաղալ ճանաչողական առողջության պահպանման գործում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll