Նռան տերևներում և ճյուղերում հայտնաբերված բնական միացությունը կարող է քայքայել տրանսթիրետինի (TTR) ամիլոիդոզին առնչվող վնասակար սպիտակուցային ագրեգատները, որը նյարդային համակարգի և սրտի վրա ազդող հիվանդություն է: Հայտնագործությունը կատարել են Կումամոտոյի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են iScience գիտական հանդեսում:
Տրանսթիրետինային ամիլոիդոզի դեպքում հյուսվածքներում կուտակվում է անոմալ սպիտակուց (ամիլոիդ), որը վնասում է ծայրամասային նյարդային համակարգը (peripheral nervous system, PNS, ուղեղի և ողնուղեղի սահմաններից դուրս գտնվող և կենտրոնական նյարդային համակարգի և ամբողջ օրգանիզմի միջև կապն ապահովող նյարդային համակարգի հատված –խմբ.), սիրտը, երիկամները և այլ օրգաններ: Այդ վիճակը բնութագրվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ շնչառության պակասով, գլխապտույտով, սրտի անբավարարությամբ և խրոնիկական ցավով:
Հիվանդության դեմ պայքարի ունակ նոր միացություններ հայտնաբերելու համար թիմն ուսումնասիրել է ավելի քան 1500 բուսական լուծամզվածքներ: Ամենաակտիվ միացությունը նռան բաղադրիչ 1,2,3,4,6-պենտա-O-գալոյլ-β-D-գլյուկոզն էր (PGG): Լաբորատոր փորձարկումների ժամանակ PGG-ն ոչնչացրել է ինչպես մուտանտ, այնպես էլ նորմալ տրանսթիրետինի ամիլոիդ մանրաթելերը՝ առանց այլ սպիտակուցների վրա ազդելու:
Նեմատոդների վրա կատարված փորձարկումներում միացությունը նվազեցրել է սպիտակուցային նստվածքների քանակը և երկարացրել օրգանիզմի կյանքի տևողությունը։ Բացի դրանից, PGG-ն ոչնչացրել է ժառանգական տրանսթիրետինային ամիլոիդոզից տառապող մարդկանց սրտի հյուսվածքից մեկուսացված ամիլոիդային մանրաթելերը, ինչը վկայում է դրա պոտենցիալ կլինիկական նշանակության մասին։
Հետազոտողները պարզել են, որ PGG-ի ակտիվությունը բացատրվում է դրա կառուցվածքային առանձնահատկություններով. հիմնական մոլեկուլին կցված քիմիական խմբերի (գալոյիլային խմբեր) «ճյուղերը» հնարավորություն են տալիս միացությանն ամուր կապվել վտանգավոր սպիտակուցների հետ և ոչնչացնել դրանք։
Հեղինակներն ընդգծում են, որ մարդկանց վրա PGG-ն օգտագործելուց առաջ անհրաժեշտ են հետագա անվտանգության և արդյունավետության ուսումնասիրություններ։ Սակայն ապագայում բուսական մոլեկուլները կարող են թերապիայի նոր սերնդի հիմք դառնալ, որը ոչ միայն կայունացնում է սպիտակուցները, այլև ակտիվորեն ոչնչացնում է պաթոգեն սպիտակուցային կուտակումները։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում