Եղանակային պայմաններն ազդում են սրտի կաթվածի զարգացման հավանականության վրա

14 մարտի, 2026  10:13

Եղանակային պայմանների փոփոխությունները կարող են բարձրացնել միոկարդի ինֆարկտի զարգացման հավանականությունը։ Նման եզրակացության են եկել հետազոտողները, ովքեր մեքենայական ուսուցման մեթոդների օգնությամբ վերլուծել են օդերևութաբանական գործոնների և սրտի կաթվածների հաճախականության միջև եղած կապը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Cardiovascular Medicine ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են ինֆարկտ ունեցող 11,527 պացիենտների տվյալներ, որոնք տասը տարվա ընթացքում գրանցվել են Պեկինի սրտաբանական կենտրոններից մեկում։ Այս տեղեկությունները համադրվել են ամենօրյա օդերևութաբանական ցուցանիշների հետ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ ինֆարկտների մեծ քանակով օրերը հիմնականում համընկել են օդի ցածր ջերմաստիճանի, ջերմաստիճանի զգալի օրական տատանումների և թույլ քամու, ինչպես նաև ցածր խոնավության և տեղումների փոքր քանակի հետ։

Օգտագործելով Random Forest մեքենայական ուսուցման մոդելը՝ հետազոտողները սահմանել են եղանակային այն առանցքային պարամետրերը, որոնք կապված են ինֆարկտի բարձր ռիսկի հետ։ Ամենանշանակալի գործոնը հենց ջերմաստիճանի օրական տատանումն էր. այն ամենաուժեղն է ազդել հիվանդացության դեպքերի աճի հավանականության վրա։

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ նմանատիպ մոդելները կարող են օգնել առողջապահական համակարգերին նախապես կանխատեսել սրտաբանական ծառայությունների ծանրաբեռնվածության շրջանները և ավելի արդյունավետ բաշխել բժշկական ռեսուրսները։ Հետագայում գիտնականները ծրագրում են բարձրացնել կանխատեսումների ճշգրտությունը՝ եղանակային տվյալները լրացնելով պացիենտների տարիքի, ուղեկցող հիվանդությունների և անհատական այլ բնութագրերի մասին տեղեկություններով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում