Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սմարթֆոնների չափազանց շատ օգտագործումը կարող է կապված լինել սեփական մարմնի ընկալման եւ անառողջ սննդային սովորությունների ձւավորման հետ։ Գիտնականները հայտնաբերել են, որ հեռախոսի առջեւ շատ ժամանակ անցկացնող մարդիկ ավելի հաճախ են դժգոհ մնում իրենց արտաքինից եւ ցուցադրում են այսպես կոչված խանգարված սննդային վարքի նշաններ, օրինակ՝ հուզական շատակերություն կամ ուտելիքի քանակի վերահսկման կորուստ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JMIR Mental Health ամսագրում։
Հետազոտողներն ուսումնասիրել են մասնակիցների մեծ խմբի տվյալները եւ համադրել սմարթֆոնների ամենօրյա օգտագործման տեւողությունը հոգեբանական եւ վարքային ցուցանիշների հետ։
Պարզվել է, որ որքան ավելի շատ ժամանակ է մարդն անցկացնում հեռախոսի հետ, այնքան ավելի բարձր է սննդային կախվածության ախտանշանների, ինչպես նաեւ խախտված սնման տարբեր ձեւերի առաջացման հավանականությունը։
Այդ կապը հատկապես նկատելի է այն մարդկանց մոտ, ովքեր սմարթֆոնն օգտագործում են օրական յոթ ժամից ավելի։
Հետաքրքիր է, որ հետազոտության մասնակիցները սննդային վարքի խանգարման կլինիկական ախտորոշում չեն ունեցել։ Այնուամենայնիվ, նրանց մոտ, միեւնույն է, նկատվել են բնորոշ հատկանիշներ, օրինակ՝ սննդի չվերահսկվող ընդունման կամ սնունդը որպես սթրեսի եւ հուզական ապրումների հաղթահարման միջոց օգտագործելու հակում։ Զուգահեռ, նրանցից շատերի մոտ ուժեղացել է իրենց մարմնից եւ արտաքինից բավարարված չլինելու զգացողությունը։
Գիտնականների կարծիքով՝ կարեւոր դեր կարող է խաղալ մշտական փոխազդեցությունը ինտերնետում եւ սոցցանցերում վիզուալ կոնտենտի հետ։ Օգտատերերը մշտապես բախվում են մանրակրկիտ խմբագրված լուսանկարների եւ «կատարյալ» արտաքին ունեցող կերպարների, ինչն ուժեղացնում է սոցիալական համեմատությունը եւ կարող է ձեւավորել գեղեցկության անիրատեսական ստանդարտներ։ Նման ճնշումը հաճախ հանգեցնում է ինքնագնահատման իջեցման եւ ավելի քննադատական վերաբերմունքի սեփական արտաքինի հանդեպ։
Ընդ որում, հետազոտողներն ընդգծել են, որ հայտնաբերված կապը չի ապացուցում ուղիղ պատճառահետեւանքային կախվածությունը։ Առայժմ չի կարելի միանշանակ պնդել, որ հենց սմարթֆոնի օգտագործումն է առաջացնում մարմնի ընկալման կամ սննդային վարքի խնդիրներ։ Այնուամենայնիվ, ստացված արդյունքները մատնանշում են պոտենցիալ ռիսկի մասին եւ ընդգծում հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը, թե ինչպես կարող են թվային տեխնոլոգիաները եւ սոցցանցերն ազդել օգտատերերի հոգեբանական առողջության վրա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day