Մարդկանցից ոմանց համար, ըստ երևույթին, ավելի հեշտ է պահպանել նորմալ քաշ և առողջ նյութափոխանակություն՝ անգամ նմանատիպ սննդակարգի և կենսակերպի դեպքում: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ հազվագյուտ գենետիկական տարբերակները կարող են կարևոր դեր խաղալ ճարպակալումից և նյութափոխանակության հիվանդություններից օրգանիզմի բնական պաշտպանության գործում:
Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից և Ասիայից ավելի քան 1 միլիոն մարդու մասնակցությամբ լայնածավալ հետազոտության ընթացքում գիտնականները օրգանիզմում էներգիայի ծախսմանն ու կուտակմանն առնչվող 59 գեն են հայտնաբերել: Nature հանդեսում հրապարակված արդյունքները մատնանշում են հատկապես FNIP1 գենի կարևոր դերը, որը մասնակցում է բջիջների էներգետիկ փոխանակության կարգավորմանը:
Հետազոտողներն օգտագործել են էկզոմի սեքվենավորում՝ մեթոդ, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ԴՆԹ-ի մոտ 1%-ը, որը պարունակում է սպիտակուցների արտադրության հրահանգներ: Գիտնականները փնտրել են հազվագյուտ գենետիկական տարբերակներ և գնահատել են դրանց կապը տրիգլիցերիդների և բարձր խտության լիպոպրոտեինների (HDL) խոլեստերինի հարաբերակցության հետ, որը նյութափոխանակության և սրտանոթային առողջության կարևոր ցուցանիշ է:
Հազվագյուտ մուտացիան նկատելի մետաբոլիկ առավելություններ է ընձեռում
Մոտավորապես 7000 մարդուց մեկը կրում է բնական գենետիկական տարբերակ, որն անջատում է FNIP1 գենի մեկ պատճենը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ տարբերակը կրողների մետաբոլիկ պրոֆիլը զգալիորեն ավելի բարենպաստ է եղել, քան նման մուտացիա չունեցող մարդկանց շրջանում:
Նրանց մոտ նկատվել են.
Ըստ ամենայնի, FNIP1-ը մասամբ կատարում է էներգիայի ծախսերի յուրօրինակ «արգելակի» գործառույթ՝ թույլ չտալով բջիջներին չափազանց շատ էներգիա ծախսել: Երբ գենի մեկ պատճենն անջատված է, այդ կարգավորման համակարգն այնպես է փոխվում, որ էներգիայի փոխանակությունն ավելի բարենպաստ է դառնում:
Արյան մեջ ճարպերի հարաբերակցությունը կարող է արտացոլել նյութափոխանակության ընդհանուր վիճակը
Գիտնականները վերլուծել են երեք մայրցամաքների 11 հետազոտական խմբերում միավորված 1 միլիոն 32 հազար 116 մարդու գենետիկական և բժշկական տվյալներ:
Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել տրիգլիցերիդների և HDL խոլեստերինի հարաբերակցությանը՝ TG:HDL ցուցանիշին: Պարզվել է, որ այն սերտորեն կապված է մետաբոլիկ առողջության մի շարք բնութագրերի հետ:
TG:HDL-ի բարձր հարաբերակցությունը կապված է եղել ճարպային հյուսվածքի մեծ քանակության, ներքին օրգանների շուրջ ճարպի կուտակման, ինսուլինակայունության և արյան բարձր ճնշման հետ:
Ընդհանուր առմամբ, գիտնականները հայտնաբերել են 59 անկախ գեն, որոնք ազդում են էներգետիկ հաշվեկշռի, ճարպի կուտակման և նյութափոխանակության վրա: Դրանց մեծ մասն ակտիվորեն աշխատում է լյարդում և ճարպային հյուսվածքում, որոնք նյութափոխանակությունը կարգավորող առանցքային օրգաններ են:
Հատկանշական է, որ հայտնաբերված գեներից 23-ի համար արդեն գոյություն ունեն դեղամիջոցներ, որոնք ազդում են համապատասխան կենսաբանական մեխանիզմների վրա: Նման դեղամիջոցների մի մասը հաստատված է, մյուսները կլինիկական փորձարկումներ են անցնում:
Փորձարկումներ մարդու բջիջների և մկների վրա
Ստուգելու համար՝ արդյոք FNIP1-ն իսկապես պատասխանատո՞ւ է հայտնաբերված մետաբոլիկ առավելությունների համար, հետազոտողներն անջատել են այդ գենը մարդու լյարդի բջիջներում:
Ի պատասխան՝ բջիջներն ակտիվացրել են ճարպերի ճեղքման և բջջային աղբի հեռացման մեջ ներգրավված գեները: Դա ցույց է տալիս, որ FNIP1-ի բացակայությունն ուղղակիորեն ազդում է էներգետիկ փոխանակությանն առնչվող գործընթացների վրա:
Այնուհետև գիտնականներն այդ մեխանիզմը ստուգել են մկների վրա: Այն կենդանիները, որոնց լյարդում անջատված է եղել FNIP1 ուղին, պաշտպանված են եղել քաշի ավելացումից և լյարդում ճարպի կուտակումից անգամ 30 շաբաթ շարունակ ճարպերի և շաքարի բարձր պարունակությամբ սննդակարգի պայմաններում:
Ստացված արդյունքները մատնանշում են FNIP1-ի կարևոր դերը նրանում, թե ինչպես է օրգանիզմն օգտագործում և կուտակում էներգիան:
Հետազոտողները հույս ունեն, որ ապագայում այդ գենետիկական ուղու վրա ազդելը կարող է հանգեցնել ճարպակալման, շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների բուժման նոր մեթոդների ի հայտ գալուն: Ընդսմին, անհրաժեշտ է անցկացնել լրացուցիչ հետազոտություններ՝ պարզելու համար՝ արդյոք հնարավո՞ր է մարդկանց մոտ անվտանգ կերպով ազդել FNIP1-ի վրա և ստանալ համանման պաշտպանիչ ազդեցություն:
Հետազոտությունը հրապարակվել է Nature հանդեսում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day