The British Journal of Nutrition պարբերականում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ գերմշակված սննդամթերքի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել ոսկրերի առողջության վատթարացման հետ:
Գիտնականները, վերլուծելով մեծաթիվ մարդկանց սննդակարգի և ֆիզիկական ցուցանիշների տվյալները, պարզել են, որ նման մթերքներից (քաղցր յոգուրտներից և պատրաստի նախաճաշերից մինչև սառեցված պիցցաներ և այլ կիսաֆաբրիկատներ) ավելի շատ օգտվողների մոտ ոսկրային հյուսվածքի հանքային խտությունն ավելի ցածր էր: Բացի այդ, նրանց մոտ բարձր էր կոտրվածքների, մասնավորապես՝ կոնքազդրային հոդի կոտրվածքի ռիսկը՝ համեմատած այն մարդկանց հետ, ովքեր ավելի հազվադեպ էին օգտագործում գերմշակված սնունդ:
Գերմշակված են այն արդյունաբերական մթերքները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ հավելումներ, բուրավետիչներ, քաղցրացուցիչներ, ինչպես նաև բաղադրիչների խորը վերամշակմամբ ստացված տարրեր:
Դրանք հաճախ գրավիչ են իրենց հարմարավետությամբ և պահպանման երկար ժամկետով, սակայն սննդային արժեքով զգալիորեն զիջում են բնական մթերքներին:
Սննդակարգում նման մթերքների մեծ մասնաբաժնի և ոսկրերի խտության վատթարացման միջև կապը պահպանվել է նույնիսկ այլ գործոնները՝ տարիքը, ֆիզիկական ակտիվության մակարդակը և դիետայի ընդհանուր որակը հաշվի առնելուց հետո: Ըստ հետազոտողների, պատճառները կարող են տարբեր լինել: Նախ՝ գերմշակված մթերքները սովորաբար աղքատ են ոսկրերի առողջության համար անհրաժեշտ վիտամիններով, հանքանյութերով և այլ սննդարար նյութերով: Երկրորդ՝ շաքարի և արհեստական հավելումների բարձր պարունակությունը կարող է խաթարել կալցիումի և ոսկրային հյուսվածքի ամրապնդմանը մասնակցող այլ տարրերի փոխանակումը:
Փորձագետները նախազգուշացնում են, որ ոսկրերի հանքային խտության նվազումը և կոտրվածքների բարձր ռիսկը (հատկապես տարեցների մոտ) լուրջ խնդիր է, քանի որ տարեց հասակում կոնքազդրային հոդի կոտրվածքները հաճախ հանգեցնում են շարժունակության տևական կորստի և կյանքի որակի վատթարացման: Թեև այս աշխատանքը դեռևս չի ապացուցում ուղղակի պատճառահետևանքային կապը, այն համալրում է գերմշակված մթերքների վնասակարության մասին ապացուցողական բազան, որը ներառում է նաև կապը դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների և նույնիսկ վաղաժամ մահվան բարձր ռիսկի հետ:
Գիտնականներն ընդգծում են, որ չափավորությունն ու նվազագույն մշակում անցած մթերքների՝ մրգերի, բանջարեղենի, ամբողջահատիկ ձավարեղենի, ընդեղենի և ցածր յուղայնությամբ սպիտակուցների վրա շեշտադրումը մնում են առանցքային՝ ոսկրերի և օրգանիզմի մյուս համակարգերի առողջությունը պահպանելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում