Հայաստանում բժիշկները փրկել են հազվադեպ հիվանդությամբ նորածնի կյանքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Մեր բուժանձնակազմի 50-օրյա պայքարը պսակվեց հաղթանակով՝փոքրիկն արդեն իր ընտանիքում է։ Հավելեմ, որ եզակի վիրահատություն է իրականացվել, ոչ միայն մեր երկրի, այլև աշխարհի մակարդակով», - գրել է նա։
Փոքրիկը ծննդատներից մեկից փետրվարի 18-ին հատուկ նորածնային ռեանիմոբիլով տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։
«Ծայրահեղ ծանր վիճակում, ինտուբացված նորածինը տեղափոխվեց «Մուրացան», Մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունք։ Անամնեստիկ տվյալներից պարզվեց, որ հղիության 30-րդ շաբաթում ներարգանդային պտղի մոտ ախտորոշվել էր ասցիտ և պտղի ջրգողություն։
Նախնական հետազոտությունների և օբյեկտիվ զննման արդյուքում ախտորողվեց երկկողմանի հիդրոթորաքս, ու անմիջապես կատարվեց նեոնատոլոգի կողմից պլևրալ խոռոչների դրենավորում։
Ստացված պլևրալ հեղուկը նման էր խիլեոզ պարունակության, ինչը հաստատվեց ստացված հեղուկի բիոքիմյական և բջջաբանական հետազոտություններով։
Ամեն ինչ ավելի էր բարդացնում նորածնի անհաս լինելը՝ 34 շաբաթական և վաղ նեոնատալ սեպսիսը։
Հաշվի առնելով դեպքի հազվադեպությունն ու բարդությունը՝ կատարվեցին բազմաթիվ հետազոտություններ, կրծքային վիրաբույժի կոնսուլտացիա։
Որոշում կայացվեց կոնսերվատիվ վարել փոքրիկին, ապահովելով ամբողջական պարէնտերալ սնուցում։ Այս պաթոլոգիայի եզակիության պատճառով Հայաստան նույնիսկ չի ներկրվում հատուկ կաթնախառնուրդ, որը ցուցված է այս երեխաներին։
Դինամիկայում բուժմանը միացվեց նաև սպեցիֆիկ դեղորայքային թերապիա, սակայն կոնսերվատիվ բուժումը արդյունավետ չէր, երեխան շարունակում էր թոքերի արհեստական շնչառության սարքով վենտիլացվել, պլևրալ դրենաժներից արտահոսքը պահպանվում էր։
Արդյունքում որոշում կայացվեց վիրաբուժական բուժման։
Մարտի 10-ին, ընդհանուր անզգայացման պայմաններում թորակոսկոպիկ եղանակով կատարվեց լիմֆատիկ ծորանի կլիպավորում Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի հմուտ կրծքային վիրաբույժների կողմից։
Թիմային համախմբված աշխատանքը տվեց իր երկար սպասված արդյունքը։
Պետք է շեշտենք, որ սա եզակի վիրահատություն է, ոչ միայն մեր երկրի, այլև աշխարհի մակարդակով:
Ապրիլի 6-ին փոքրիկն առողջացած դուրս գրվեց հիվանդանոցից և միացավ իր ընտանիքին, - գրել է նա։
Նշենք, որ խիլոթորաքսը հազվադեպ հիվանդություն է, որը կազմում է պլևրալ էֆուզիաների՝ հեղուկի կուտակում պլևրալ խոռոչում, մոտ 1%–2%-ը, իսկ տարածվածությունը կազմում է 1/8600–ից մինչև 1/15,000 կենդանի ծնունդների մեջ», - գրել է Արմեն Մուրադյանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում