• Latest news

Կետոգենիկ դիետան կարող է բարելավել ենթաստամոքսային գեղձի ֆունկցիան` 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող պացիենտների մոտ․ JES

22 ապրիլի, 2026  08:39

Փոքրածավալ կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ կետոգենիկ դիետան կարող է բարելավել ենթաստամոքսային գեղձի ֆունկցիան 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ և պոտենցիալ կերպով նպաստել հիվանդության ռեմիսիային։ Աշխատությունը հրապարակվել է Journal of the Endocrine Society ամսագրում։

2-րդ տիպի դիաբետը զարգանում է, երբ ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջները դադարում են արտադրել բավարար քանակությամբ ինսուլին՝ արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու համար։ Նոր հետազոտության շրջանակում Բիրմինգհեմի Ալաբամա համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են, թե սննդի տարբեր տեսակներն ինչպես են ազդում այդ բջիջների վիճակի վրա։

Փորձին մասնակցել է 55-ից 62 տարեկան 51 մարդ։ Նրանց բաժանել են երկու խմբի. մեկը հետևել է կետոգենիկ դիետայի՝ ճարպերի բարձր և ածխաջրերի ցածր պարունակությամբ, իսկ մյուսը՝ ցածր ճարպային պարունակությամբ դիետայի։ Սննդակարգի երկու ծրագրերն էլ նախատեսված են եղել ոչ թե քաշի նվազեցման, այլ դրա պահպանման համար։

Հետազոտության հիմնական ցուցանիշը պրոինսուլինի և C-պեպտիդի հարաբերակցությունն էր. սա կենսամարկեր է, որը ցույց է տալիս բետա-բջիջների «սթրեսի» մակարդակը։ Որքան բարձր է այդ հարաբերակցությունը, այնքան մեծ է ենթաստամոքսային գեղձի ծանրաբեռնվածությունը։

Արդյունքները փաստում են, որ կետոգենիկ դիետա պահող մասնակիցների մոտ այդ ցուցանիշը զգալիորեն ավելի շատ է նվազել, քան ցածր յուղայնությամբ սննդակարգին հետևող մասնակիցներինը։ Սա նշանակում է, որ բետա-բջիջների բեռը թեթևացել է, իսկ դրանց գործառույթը՝ բարելավվել։ Հատկանշական է, որ երկու խմբերն էլ քաշի ընդամենը չնչին կորուստ են ունեցել։

Հեղինակները նշում են, որ ներկայումս բետա-բջիջների աշխատանքի բարելավմանը հնարավոր է լինում հասնել կա՛մ քաշի կտրուկ նվազեցման, կա՛մ բարիատրիկ վիրահատության միջոցով։ Այս առումով կետոգենիկ դիետան կարող է դիտարկվել որպես հիվանդության մեխանիզմի վրա ազդելու ոչ վիրահատական  հեռանկարային միջոց։

Հետազոտողները նաև շեշտում են, որ կետոգենիկ դիետան փոխում է նյութափոխանակությունը. օրգանիզմն սկսում է ճարպերն ավելի ակտիվորեն օգտագործել որպես էներգիայի աղբյուր։ Սա ուղեկցվում է մի շարք կենսաքիմիական փոփոխություններով, որոնք էլ դրականորեն են անդրադառնում ենթաստամոքսային գեղձի աշխատանքի վրա։

Այդուհանդերձ, գիտնականները կարևոր վերապահում են անում. հետազոտությունը եղել է փոքրածավալ և կարճատև (ընդամենը երեք ամիս), ուստի դիաբետի լիարժեք «բուժման» մասին խոսելը դեռ վաղ է։ Այնուամենայնիվ, ստացված տվյալները հույս են տալիս, որ սա կարող է թերապիայի և հետագա ուսումնասիրությունների խոստումնալից ուղղություն դառնալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll