• Latest news

Սննդային հավելումները կարող են մեծացնել սրտի հիվանդությունների վտանգը. European Heart Journal

21 մայիսի, 2026  19:47

European Heart Journal բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ տարածված սննդային կոնսերվանտներ պարունակող մթերքների կանոնավոր օգտագործումը կարող է հիպերտոնիայի և սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման բարձր ռիսկի պատճառ դառնալ:

Գիտնականները նշում են, որ խոսքը վերաբերում է ոչ թե առանձին մթերքներին, այլ այն հավելումների համակցված ազդեցությանը, որոնք մեծ քանակությամբ օգտագործվում են արդյունաբերական եղանակով վերամշակված սննդի մեջ:

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 112 հազար կամավոր Ֆրանսիայից՝ NutriNet-Santéխոշոր նախագծի շրջանակում: Մասնակիցները յուրաքանչյուր վեց ամիսը մեկ մանրամասնորեն արձանագրել են իրենց սննդակարգը, ինչից հետո նրանց առողջական վիճակին հետևել են միջինում 7–8 տարի։ Այդ ընթացքում հետազոտողները վերլուծել են տարբեր սննդային հավելումների օգտագործման և հիպերտոնիայի, ինֆարկտի, ուղողի կաթվածի ու սիրտ-անոթային այլ հիվանդությունների զարգացման միջև եղած կապը:

Արդյունքները ցույց են տվել, որ գրեթե բոլոր մասնակիցները (մոտ 99,5%-ը) դիտարկման առաջին տարիներին օգտագործել են առնվազն մեկ կոնսերվանտ: Ընդ որում, այն մարդիկ, ովքեր օգտագործել են ամենամեծ քանակությամբ «ոչ հակաօքսիդանտային» կոնսերվանտներ, դրանք ամենաքիչն են օգտագործողների համեմատ ունեցել են հիպերտոնիայի զարգացման մոտ 29%-ով և սիրտ-անոթային հիվանդությունների՝ 16%-ով ավելի բարձր ռիսկ:

Հետազոտողներն առանձնացրել են առավել հաճախ օգտագործվող մի շարք հավելումներ, որոնք կապ են ցուցաբերել բարձր ճնշման և/կամ սիրտ-անոթային ռիսկերի հետ: Դրանց թվում են՝ կալիումի սորբատը (E202), կալիումի մետաբիսուլֆիտը (E224), նատրիումի նիտրիտը (E250), ասկորբինաթթուն (E300), նատրիումի ասկորբատը (E301), նատրիումի էրիտորբատը (E316), կիտրոնաթթուն (E330) և հազրեվարդի (ռոզմարին) էքստրակտները (E392):

Հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունը դիտողական բնույթ ունի և չի ապացուցում ուղղակի պատճառահետևանքային կապը: Սակայն տվյալները համահունչ են փորձարարական աշխատանքներին, որտեղ ենթադրվում է, որ որոշ կոնսերվանտներ կարող են առաջացնել օքսիդատիվ սթրես և ազդել օրգանիզմում նյութափոխանակության գործընթացների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll