Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ երկարատև ՔՈՎԻԴ-ի մասշտաբները կարող են զգալիորեն թերագնահատված լինել: Ըստ JAMA Network Open հանդեսում հրապարակված աշխատանքի տվյալների՝ ՔՈՎԻԴ-19 տարած բուժառուների մոտավորապես 16%-ի մոտ զարգանում են երկարատև ախտանիշներ, ինչը համարժեք է ԱՄՆ-ում ավելի քան 18 միլիոն մարդու. դա գրեթե երկու անգամ գերազանցում է նախկին գնահատականները:
Հետազոտությունն իրականացրել է Բոստոնի Mass General Brigham կենտրոնի թիմը՝ Հոսեյն Էստիրիի ղեկավարությամբ: Գիտնականները նշում են, որ ախտորոշման գոյություն ունեցող համակարգերն արձանագրում են դեպքերի 7%-ից պակասը, ինչի պատճառով բուժառուների մեծ մասը պարզապես «կորում է» բժշկական վիճակագրության մեջ:
Ավելի հստակ պատկեր ստանալու համար հետազոտողները մշակել են արհեստական բանականության ալգորիթմ, որը վերլուծել է բժշկական գրառումները և հայտնաբերել երկարատև ՔՈՎԻԴ-ի նշանները՝ հիմնվելով վարակից հետո ի հայտ եկած այնպիսի նոր հիվանդությունների ու ախտանիշների վրա, որոնք հնարավոր չէր բացատրել հիվանդության նախկին պատմությամբ:
Մոդելը կիրառվել է ԱՄՆ 58 հիվանդանոցների գրեթե 460 հազար բուժառուների տվյալների վրա: Արդյունքները ցույց են տվել, որ.
բուժառուների մոտավորապես 16%-ն ունի երկարատև ՔՈՎԻԴ-ի նշաններ: ցուցանիշները տարբեր տարածաշրջաններում տատանվում են ~14%-ից մինչև գրեթե 23%: դեպքերի թիվը շարունակել է աճել ընդհուպ մինչև 2024 թվականի կեսերը:Գիտնականները պարզել են նաև, որ երկարատև ՔՈՎԻԴ-ը բացառապես «համավարակի վաղ ալիքների հետևանք» չէ, ինչպես կարծում էին նախկինում: Ընդհակառակը, նոր դեպքերը շարունակում են ի հայտ գալ, իսկ որոշ տարածաշրջաններում նույնիսկ աճ է նկատվում:
Ըստ հետազոտողների՝ բուժառուների իրական թիվը կարող է էլ ավելի բարձր լինել, քանի որ շատ դեպքեր չեն հայտնվում վիճակագրության մեջ՝ համապատասխան ախտորոշիչ կոդի բացակայության պատճառով:
Առանձնահատուկ խնդիր է այն, որ երկարատև ՔՈՎԻԴ-ով բուժառուները տարբեր ախտանիշներով դիմում են տարբեր մասնագետների. Սրտաբաններն արձանագրում են ավտոնոմ նյարդային համակարգի խանգարումներ, էնդոկրինոլոգները՝ նյութափոխանակության խափանումներ, նյարդաբանները՝ ճանաչողական խանգարումներ: Սակայն այս դրսևորումները հաճախ չեն կապվում միմյանց և տարած վարակի հետ:
Հեղինակներն ընդգծում են, որ հենց միասնական ախտորոշիչ «պիտակի» բացակայությունն է խանգարում առողջապահական համակարգին՝ գնահատելու խնդրի իրական մասշտաբն ու ժամանակին օգնություն ցուցաբերելու բուժառուներին:
Հետազոտողները նախազգուշացնում են, որ եթե ընթացիկ միտումները պահպանվեն, հաջորդ տասնամյակի ընթացքում դեպքերի թվի հետագա աճ է սպասվում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում