Քաշի նվազեցման դեղամիջոցները կարող են նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը

2 հունիսի, 2026  17:27

Քաշի նվազեցման համար նախատեսված դեղամիջոցները կարող են օգտակար լինել ոչ միայն ճարպակալման դեպքում։ Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանք ընդունակ են նվազեցնել քաղցկեղի որոշ տեսակների զարգացման վտանգը, ինչպես նաև բարելավել արդեն իսկ ախտորոշված հիվանդությամբ պացիենտների ապաքինման կանխատեսումը։

2026 թվականին Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության (ASCO) ամենամյա համաժողովին ներկայացված երեք հետազոտությունների արդյունքները վկայում են, որ GLP-1 ռեցեպտորների ագոնիստների կիրառումը կապված է քաղցկեղի առաջացման, առաջխաղացման և դրանից մահացության ռիսկի նվազման հետ։

Հետազոտություններից մեկում, որին մասնակցել է 45-ից 80 տարեկան ավելի քան 110 հազար կին, պարզվել է, որ GLP-1 դեղամիջոցներ ընդունածների շրջանում կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը 30%-ով ավելի ցածր է եղել՝ նման դեղեր չօգտագործած կանանց համեմատ։ Թեև այս հետազոտությունը չի ապացուցում ուղղակի պատճառահետևանքային կապ, դրա արդյունքները լրացնում են այս դեղամիջոցների հնարավոր կանխարգելիչ ազդեցության մասին կուտակվող տվյալների բազան։

«Չնայած մեր հետազոտությունը դիտողական բնույթ է կրել և թույլ չի տալիս վերջնականապես հաստատել GLP-1 դեղամիջոցների և կրծքագեղձի քաղցկեղի հաճախականության նվազման միջև կապը, այն համալրում է գնալով շատացող փաստերը։ Դրանք հուշում են, որ նպատակահարմար է ուսումնասիրել այս դեղերը որպես քաղցկեղի կանխարգելման պոտենցիալ միջոց», — նշել է Փենսիլվանիայի համալսարանի Աբրամսոնի անվան ուռուցքաբանական կենտրոնի բժիշկ Էլիզաբեթ Մաքդոնալդը։

Մեկ այլ հետազոտություն, որին մասնակցել է կրծքագեղձի քաղցկեղ ունեցող 27 հազար պացիենտ, ցույց է տվել, որ ստանդարտ բուժմանը GLP-1 դեղամիջոցների հավելումը կապված է եղել մահվան ռիսկի 30% նվազման հետ։

Երրորդ հետազոտությունը, որին մասնակցել է կրծքագեղձի, թոքի, հաստ աղիքի և լյարդի քաղցկեղ ունեցող 12 հազար պացիենտ, ցույց է տվել, որ քաշի նվազեցման դեղամիջոցներ ընդունողների շրջանում հիվանդության մետաստատիկ՝ IV փուլի զարգացման հավանականությունը 38–50%-ով ավելի ցածր է եղել։

GLP-1 դեղամիջոցներն ի սկզբանե մշակվել են 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման համար։ Դրանք նմանակում են այն բնական հորմոնի ազդեցությունը, որը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակն ու ախորժակը։ Մարմնի զանգվածի նվազեցման գործում ունեցած բարձր արդյունավետության շնորհիվ դրանք սկսել են լայնորեն կիրառվել ճարպակալման բուժման համար։

Հետազոտողների կարծիքով՝ այս դեղերի հնարավոր հակաուռուցքային ազդեցությունը կարող է կապված լինել ոչ միայն նիհարելու հետ։ Բացի մարմնի առողջ քաշի պահպանումից (ինչն ինքնին նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի վտանգը), GLP-1 դեղամիջոցներն ընդունակ են նաև նվազեցնել քրոնիկ բորբոքումները և ազդել այն կենսաբանական մեխանիզմների վրա, որոնք նպաստում են ուռուցքների աճին։

Մասնագետներն ընդգծում են, որ քաղցկեղի առաջացման ռիսկի և բուժման արդյունքների վրա այս դեղերի ունեցած ազդեցությունը հստակ հասկանալու համար դեռևս անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։ Այդուհանդերձ, այս թեմայի շուրջ մեծացող հետաքրքրությունը խթանում է ավելի լայնամասշտաբ կլինիկական փորձարկումների անցկացումը, որոնք նվիրված կլինեն ուռուցքային հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում դրանց հնարավոր դերին։

Որոշ ուռուցքաբաններ նաև նշում են, որ GLP-1 դեղամիջոցներ ընդունող պացիենտները հաճախ իրենց ավելի լավ են զգում և ավելի հեշտ են տանում հակաուռուցքային թերապիայի առանձին տեսակները, ինչն էլ ավելի է մեծացնում ուռուցքաբանության մեջ դրանց կիրառման հանդեպ ունեցած հետաքրքրությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում