Սոխի հանդեպ սերը կարող է լինել ոչ թե սոսկ ճաշակի հարց, այլ գենետիկական առանձնահատկությունների արտացոլում, որոնք միաժամանակ կապված են որոշ հիվանդությունների ավելի ցածր ռիսկի հետ։ Նման եզրակացության են հանգել Մոնելի քիմիական զգայությունների հետազոտական կենտրոնի, ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտների, Քվինսլենդի համալսարանի և այլ գիտական կենտրոնների միջազգային հետազոտական խումբը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են BMC Medicine բժշկագիտական հանդեսում։
Գիտնականները որոշել են պարզել՝ արդյոք համի և հոտի ընկալման համար պատասխանատու գեներն ի վիճակի՞ են ազդել ոչ միայն սննդային նախասիրությունների, այլև մարդու առողջության վրա։ Դրա համար նրանք կիրառել են Մենդելյան ռանդոմիզացիայի մեթոդը՝ հատուկ գենետիկական մոտեցում, որը հնարավորություն է տալիս գնահատել հնարավոր պատճառահետևանքային կապերը՝ առանց բազմամյա և թանկարժեք կլինիկական հետազոտությունների անցկացման։
Հետազոտողները վերլուծել են UK Biobank նախագծի գրեթե 500 հազար մասնակիցների տվյալները։ Նրանք ուսումնասիրել են ավելի քան 1200 գենետիկական տարբերակներ համի և հոտառական ընկալիչների 325 գեներում և դրանք համադրել ուտելիքի նախասիրությունների հետ։
Արդյունքում հայտնաբերվել է 268 գենետիկական տարբերակ՝ կապված 96 տարբեր մթերքների հանդեպ համակրանքի հետ՝ սխտորից և թուրինջից մինչև անիսոն և լոբի։ Առանձնահատուկ ուշադրություն է գրավել OR2T6 հոտառական ընկալիչի գենը, որը կապված է եղել սոխի հանդեպ սիրո հետ։
Հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ սոխի հանդեպ համակրանքը մեծացնող գենի այդ տարբերակն ունեցող մարդիկ միջինում ունեցել են ավելի ցածր զարկերակային ճնշում։ Նրանց սիստոլիկ ճնշումը մոտավորապես 1,3 միլիմետր սնդիկի սյունով ավելի ցածր է եղել, իսկ դիաստոլիկը՝ 0,7 միլիմետրով ավելի ցածր՝ նման գենետիկական առանձնահատկություն չունեցող մարդկանց համեմատ։
Բացի դրանից, այս տարբերակի առկայությունը ասոցացվել է երկրորդ տիպի դիաբետի զարգացման ռիսկի մոտ 14 տոկոսով նվազման հետ։
Միաժամանակ, հետազոտողները կապ չեն հայտնաբերել մարմնի զանգվածի ինդեքսի, արյան մեջ ճարպերի մակարդակի կամ գլյուկոզայի խտության հետ։ Դա հնարավորություն է տալիս ենթադրել, որ խնդիրը սոսկ սոխ սիրողների ավելի առողջ ապրելակերպը չէ։
Աշխատանքի հեղինակները կարծում են, որ հնարավոր բացատրությունը թաքնված է հենց մթերքի բաղադրության մեջ։ Սոխը հարուստ է կվերցետինով և այլ կենսաբանորեն ակտիվ նյութերով, որոնք օժտված են հակաբորբոքային և պոտենցիալ սրտապաշտպան հատկություններով։ Նախկինում փոքր հետազոտություններն արդեն իսկ ակնարկել էին սիրտ-անոթային համակարգի համար սոխի օգտակարության մասին, սակայն նոր հետազոտությունն ավելի համոզիչ փաստարկներ է ներկայացնում հօգուտ այս վարկածի։
Աշխատանքի առանձնահատուկ նշանակությունը միայն սոխի վերաբերյալ եզրակացությունները չեն։ Գիտնականները մշակել են նոր մոտեցում՝ սննդամթերքի ազդեցությունն առողջության վրա գնահատելու համար։ Փոխանակ հիմնվելու սննդակարգի վերաբերյալ հարցումների վրա, որոնք հաճախ ոչ ճշգրիտ են լինում, նրանք օգտագործել են գենետիկական առանձնահատկությունները, որոնք որոշում են ճաշակի նախասիրությունները։ Նման մեթոդն օգնում է խուսափել տարածված այն խնդրից, երբ մարդիկ փոխում են սննդակարգն արդեն իսկ հիվանդությունների ի հայտ գալուց հետո, ինչը կարող է աղավաղել հետազոտությունների արդյունքները։
Հետազոտողներն ընդգծում են, որ աշխատանքը չի ապացուցում, թե մեծ քանակությամբ սոխի օգտագործումը երաշխավորված կերպով նվազեցնո.ւմ է ճնշումը կամ պաշտպանում դիաբետից։ Սակայն արդյունքները վկայում են այս բանջարեղենի հանդեպ գենետիկորեն պայմանավորված նախասիրության և առողջության ավելի բարենպաստ ցուցանիշների միջև կենսաբանական կապի գոյության մասին։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day