Ծանր գիրությունից տառապող բուժառուներին ավելի ու ավելի հաճախ են մերժում վիրահատական բուժումը. հետազոտություն

22 հունիսի, 2026  20:40

Ծանր գիրություն ունեցող մարդիկ ավելի ու ավելի հազվադեպ են ենթարկվում վիրահատական միջամտությունների՝ չնայած բնակչության այս խմբի թվաքանակի արագ աճին։ Նման եզրակացության են հանգել նոր հետազոտության հեղինակները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Obesity բժշկագիտական հանդեսում։

Գիտնականները վերլուծել են 2005-2022 թվականների ընթացքում ԱՄՆ վիրաբուժական օգնության որակի գնահատման ազգային ծրագրի շրջանակում գրանցված 11,6 միլիոն վիրահատական դեպքերի տվյալները։ Վերլուծությունը ցույց է տվել, որ վիրահատության անցկացման հավանականությունը նվազել է մարմնի զանգվածի ինդեքսի (Body mass index, BMI) մեծացմանը զուգընթաց։

Ամենից ցայտուն նվազումը նկատվել է մարմնի զանգվածի ինդեքսի ծայրահեղ բարձր ցուցանիշներ ունեցող բուժառուների շրջանում։ Նույնիսկ տարիքը, սեռը, ռասան և ուղեկցող հիվանդությունները հաշվի առնելուց հետո, ժամանակի ընթացքում նման բուժառուները սկսել են զգալիորեն ավելի հազվադեպ ստանալ վիրահատական միջամտություն։

Ըստ հետազոտության առաջատար հեղինակ Վենս Օլբոյի՝ ծանր գիրությամբ բազմաթիվ բուժառուների հայտնում են, որ վիրահատություններից առաջ (օրինակ՝ հոդերի էնդոպրոթեզավորում, ճողվածքի պլաստիկա կամ արգանդի հեռացում՝ հիստերէկտոմիա) նրանց անհրաժեշտ է էապես նվազեցնել քաշը։

Ի սկզբանե հետազոտողները ենթադրում էին, որ ավելի բարձր մարմնի զանգվածի ինդեքս ունեցող բուժառուները վիրահատական բուժառուների ավելի մեծ մասնաբաժին կկազմեն, քանի որ գիրությունը կապված է բազմաթիվ հիվանդությունների հետ, որոնք անհապաղ բուժում են պահանջում։ Սակայն արդյունքները հակառակ միտումն են ցույց տվել։

Այդ երևույթի պատճառները, ըստ ամենայնի, բազմագործոն են։ Գիրությունը կապված է ավելի տևական վիրահատությունների, բարդությունների ու հետվիրահատական վարակների բարձր ռիսկի, ինչպես նաև ավելի բարդ վերականգնողական շրջանի հետ։ Բացի դրանից, որոշ բժշկական հաստատություններ չունեն այն սարքավորումներն ու ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են ծանր գիրությամբ բուժառուներին սպասարկելու համար։

Հեղինակները նշում են նաև համակարգային գործոնների հնարավոր ազդեցությունը, ներառյալ՝ ապահովագրական ծածկույթի սահմանափակումները, բժշկական կազմակերպությունների ներքին կանոնները, վիրահատական ռիսկերի վերաբերյալ մտահոգությունները և առողջապահական համակարգում քաշի պատճառով հնարավոր խտրականությունը։

Փորձագետները զգուշացնում են, որ վիրահատական օգնության սահմանափակ հասանելիությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Բուժման ուշացումը կարող է վատթարացնել կանխատեսումը շատ հիվանդությունների դեպքում, ներառյալ՝ ուռուցքային հիվանդությունները, որտեղ ժամանակին արված վիրահատական միջամտությունը վճռորոշ դեր է խաղում։

Մեկնաբանելով աշխատանքի արդյունքները՝ Մելանի Ջեյը նշել է, որ բժշկական օգնության որակի գոյություն ունեցող ցուցանիշները կարող են անուղղակիորեն խթանել բարդությունների բարձր ռիսկ ունեցող բուժառուների ապաքինումից հրաժարվելը։ Նրա կարծիքով՝ նման չափանիշները պետք է շտկվեն՝ հաշվի առնելով ծանր գիրությունից տառապող բուժառուների առանձնահատկությունները։

Հետազոտողները մատնանշում են նաև, որ որոշ բուժառուներ իրենք են խուսափում բժշկական օգնության դիմելուց՝ կարծրատիպերի, սահմանափակ շարժունակության կամ ախտորոշիչ սարքավորումների (օրինակ՝ մարմնի մեծ չափսերի համար չնախատեսված համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրության) հասանելիության խնդիրների պատճառով։

Հեղինակներն ընդգծում են ծանր գիրությամբ բուժառուների վիրահատական օգնության հասանելիությունը սահմանափակող գործոնների հետագա ուսումնասիրության և այնպիսի միջոցների մշակման անհրաժեշտությունը, որոնք բուժման ավելի արդարացի հասանելիություն կապահովեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում