ԱՄՆ-ում միջին տարիքի կանայք բոլորից հաճախ են չարաշահում ալկոհոլը և ամենաքիչն են տեղյակ ռիսկերից

23 հունիսի, 2026  15:47

ԱՄՆ-ում անցկացված և «Alcohol: Clinical & Experimental Research» գիտական հանդեսում հրապարակված նոր համազգային հետազոտությունը մտահոգիչ մի պարադոքս է բացահայտել․ միջին տարիքի կանայք ամենից շատն ունեն ալկոհոլի հետ կապված խնդիրներ, սակայն ամենաքիչն են տեղյակ, որ այն կապված է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի հետ։

Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր շուրջ 2200 կին։ Նրանց հարցեր են ուղղել ալկոհոլի օգտագործման սովորությունների, հոգեկան վիճակի, ինչպես նաև այն մասին, թե որքանով են տեղյակ ալկոհոլի և կրծքագեղձի քաղցկեղի հնարավոր կապի մասին։

Արդյունքները ցույց են տվել, որ հենց միջին տարիքի ամերիկուհիներն են ավելի հաճախ հայտնել ալկոհոլի չարաշահման խնդիրների մասին, ներառյալ՝ պարբերաբար մեծ քանակությամբ խմելը (հարբեցողության դրվագները) և սահմանված նորմաները մշտապես գերազանցելը։

Միևնույն ժամանակ, հենց այս տարիքային խմբում է գրանցվել իրազեկվածության ամենացածր մակարդակն այն մասին, որ ալկոհոլը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը։

Հետազոտողները շեշտում են, որ ալկոհոլի և կրծքագեղձի քաղցկեղի միջև կապն ուղղակիորեն կախված է օգտագործված քանակից. որքան շատ և երկար ժամանակ է մարդն ալկոհոլ օգտագործում, այնքան բարձր է հիվանդանալու ռիսկը։ Հյուսթոնի համալսարանի գիտնական Դիպալի Ռինկերի խոսքով՝ անգամ չափավոր դոզաները ժամանակի ընթացքում մեծացնում են օնկոլոգիական հիվանդությունների վտանգը։

Որպես «ստանդարտ դոզա» ընդունվում է մոտ 150 մլ գինին, մոտ 350 մլ գարեջուրը կամ շուրջ 45 մլ թունդ ալկոհոլային խմիչքը։

Գիտնականները նշում են, որ վերջին տարիներին ԱՄՆ-ում միջին և ավագ տարիքի կանանց շրջանում նկատվում է ալկոհոլի օգտագործման աճ, այդ թվում՝ չափից շատ խմելու դեպքերի ավելացում։ Որպես հնարավոր պատճառներ նշվում են քրոնիկ սթրեսը, ընտանիքի հոգսերը, աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև հասրակության շրջանում այսպես կոչված «գինու մշակույթի» սովորական դառնալը։

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելումը պետք է ներառի ոչ միայն հետազոտություններն ու ընտանեկան հիվանդության պատմության հաշվառումը, այլև կանանց տարբեր տարիքային խմբերին հարմարեցված վիճակով ալկոհոլի վտանգների մասին ավելի ակտիվ իրազեկումը։

Այդուհանդերձ, հետազոտողներն ընդգծում են, որ այս արդյունքներն առայժմ նախնական են համարվում, քանի որ ներկայացվել են գիտական համաժողովում և դեռևս վերջնական գրախոսման ու ամբողջական տեսքով հրապարակման կարիք ունեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում