VIB-ի և KU Leuven համալսարանի հետազոտողները միջազգային գործընկերների հետ միասին պարզել են, որ լյարդի ճարպային հիվանդությունը կարող է նպաստել մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղի ամենաագրեսիվ ձևի զարգացմանը։ Nature ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ օրգանիզմի նյութափոխանակային վիճակը կարող է անմիջականորեն ազդել ուռուցքի վարքագծի և հիվանդության ելքի վրա։
Կոլոռեկտալ քաղցկեղը շարունակում է մնալ քաղցկեղից մահացության գլխավոր պատճառներից մեկը աշխարհում։ Այն կազմում է քաղցկեղի բոլոր դեպքերի գրեթե 10%-ը և մինչև 50 տարեկան մարդկանց շրջանում քաղցկեղից մահվան առաջատար պատճառներից է։ Ամենամեծ խնդիրներից մեկը մետաստազների՝ երկրորդային ուռուցքների զարգացումն է, որոնք առավել հաճախ առաջանում են լյարդում և կտրուկ վատացնում հիվանդության կանխատեսումը։ Նման բարդությունների բախվում է հիվանդների մինչև կեսը։
Գիտնականները տարբերակում են լյարդային մետաստազների երկու հիմնական տեսակ։ Այսպես կոչված պատիճավորված (encapsulated) մետաստազների դեպքում ուռուցքը մնում է առողջ լյարդային հյուսվածքից առանձնացված, և հինգ տարվա գոյատևման մակարդակը հասնում է մոտ 73%-ի։ Իսկ փոխարինող (replacement) մետաստազների դեպքում քաղցկեղային բջիջները ներթափանցում են առողջ լյարդի հյուսվածք և ինտեգրվում դրա կառուցվածքին, ինչի հետևանքով հիվանդությունն ավելի ագրեսիվ է ընթանում, իսկ հինգ տարվա գոյատևումը նվազում է 44%-ից ցածր։
Մինչ այժմ քիչ էր հայտնի, թե ինչու են տարբեր հիվանդների մոտ ձևավորվում այս տարբեր տեսակների մետաստազներ։ Նոր հետազոտությունը որպես կարևոր ռիսկի գործոն առանձնացնում է լյարդի ճարպակալումը (ստեատոզը), որի տարածվածությունն աճում է ճարպակալման և նյութափոխանակային խանգարումների աճին զուգահեռ։
Պացիենտների նմուշների և փորձարարական մոդելների վերլուծությունը ցույց տվեց, որ լյարդի ճարպակալման դեպքում զգալիորեն ավելի հաճախ զարգանում են հենց ագրեսիվ փոխարինող մետաստազները։ Հետազոտողների խոսքով՝ այս արդյունքները փոխում են պատկերացումները նյութափոխանակային առողջության դերի մասին ուռուցքաբանությունում։
Հիմնական մեխանիզմը կապված է լյարդում տեղի ունեցող նյութափոխանակային փոփոխությունների հետ։ Ճարպի կուտակման հետևանքով ավելանում է ճարպաթթուների մակարդակը, որոնք ազդում են քաղցկեղային բջիջների վրա և կայունացնում MYC սպիտակուցը՝ ուռուցքի աճի գլխավոր խթանիչներից մեկը։ Ակտիվացված MYC-ը խթանում է պրոլին ամինաթթվի սինթեզը, որն անհրաժեշտ է կոլագենի առաջացման համար։ Արդյունքում ձևավորվում է կառուցվածքային «կմախք», որը հեշտացնում է քաղցկեղային բջիջների ներթափանցումն ու տարածումը լյարդում։
Այսպիսով, լյարդի ճարպակալումը պարզապես ուղեկցող վիճակ չէ, այլ ակտիվորեն ստեղծում է պայմաններ, որոնք մետաստազներն ավելի ագրեսիվ և ինվազիվ են դարձնում։
Գիտնականները նշում են, որ այս բացահայտումը նաև գործնական նշանակություն ունի։ MYC սպիտակուցին ուղղված դեղամիջոցներն արդեն անցնում են կլինիկական փորձարկումներ, և նոր տվյալները կարող են օգնել ավելի ճշգրիտ ընտրել այն հիվանդներին, որոնք ամենայն հավանականությամբ կշահեն նման բուժումից։ Խոսքը հատկապես վերաբերում է լյարդի ճարպային հիվանդությամբ և ագրեսիվ փոխարինող մետաստազներով հիվանդներին։
Բացի այդ, հետազոտությունը մատնանշում է մի քանի հեռանկարային բուժական ուղղություններ՝ MYC-ի թիրախավորում, պրոլինի սինթեզի արգելակում կամ կոլագենի ձևավորման ճնշում։ Փորձարարական մոդելներում այս միջամտությունները նվազեցրել են մետաստազների աճն ու տարածումը։
Հեղինակները եզրակացնում են, որ հիվանդի նյութափոխանակային վիճակի գնահատումը կարող է դառնալ անհատականացված ուռուցքաբանության կարևոր բաղադրիչ։ Ապագայում լյարդում ճարպի պարունակությունը կարող է օգտագործվել որպես կենսանշան (բիոմարկեր)՝ հիվանդության ընթացքը կանխատեսելու և բուժման ընտրությունը կատարելագործելու համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day