Գիտնականները հայտնաբերել են հնարավոր իմունաբանական մեխանիզմ, որը կարող է բացատրել, թե ինչպես է Էփշտեյն-Բարրի վիրուսը (EBV) նպաստում բազմակի սկլերոզի (ԲՍ) զարգացմանը։ Արդյունքները նոր պատկերացում են տալիս հիվանդության ամենակարևոր հայտնի ռիսկի գործոններից մեկի վերաբերյալ։
Science Translational Medicine ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը հիմնված է տարիներ շարունակ կուտակված ապացույցների վրա, որոնք կապում են EBV-ն բազմակի սկլերոզի հետ։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ բազմակի սկլերոզ ունեցող գրեթե բոլոր հիվանդները նախկինում վարակվել են Էպշտեյն-Բարրի վիրուսով։ Բացի այդ, 2022 թվականին միլիոնավոր ամերիկացի զինծառայողների մասնակցությամբ իրականացված լայնածավալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ EBV-ով վարակվելը 32 անգամ մեծացնում է բազմակի սկլերոզի զարգացման վտանգը։
Չնայած այս ամուր կապին՝ մինչ այժմ պարզ չէր, թե ինչ կենսաբանական մեխանիզմով է վիրուսը խթանում հիվանդությանը բնորոշ աուտոիմունային գործընթացները։
Այսօր աշխարհում բազմակի սկլերոզով ապրում է մոտ 2,9 միլիոն մարդ։ Հիվանդության դեպքում իմունային համակարգը սխալմամբ հարձակվում է գլխուղեղի և ողնուղեղի նյարդաթելերը պատող միելինային թաղանթի վրա, ինչի հետևանքով խանգարվում է նյարդային ազդակների փոխանցումը և առաջանում են մկանային թուլություն, արտահայտված հոգնածություն, հավասարակշռության և շարժումների կոորդինացիայի խանգարումներ։
Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են չբուժված բազմակի սկլերոզ ունեցող հիվանդների, բուժում ստացող պացիենտների և առողջ կամավորների արյան նմուշները։ Արյան բջիջները ենթարկվել են վիրուսի կենսացիկլի տարբեր փուլերում արտադրվող EBV սպիտակուցների ազդեցությանը։
Պարզվել է, որ չբուժված հիվանդների մոտ CD4+ T-լիմֆոցիտների արձագանքը վիրուսի ակտիվ ուշ փուլի սպիտակուցներին մոտ երկու անգամ ավելի ուժեղ էր, քան առողջ մարդկանց մոտ։ Այս բջիջները կարևոր դեր են խաղում իմունային և բորբոքային արձագանքի կարգավորման գործում։
Ամենաուժեղ արձագանքը գրանցվել է նոր ձևավորվող վիրուսային մասնիկների, այդ թվում՝ վիրուսի արտաքին թաղանթի սպիտակուցների նկատմամբ։ Հետազոտողների կարծիքով՝ այս չափազանց ակտիվ իմունային պատասխանը կարող է լինել բազմակի սկլերոզի բնորոշ առանձնահատկություններից մեկը և բացատրել հիվանդության կապը EBV-ի հետ։ Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես են այս T-բջիջները հետագայում վնասում միելինային թաղանթը։
Կարևոր է, որ նման ուժեղ իմունային արձագանք արձանագրվել է միայն Էպշտեյն-Բարրի վիրուսի նկատմամբ։ Երկու այլ տարածված հերպեսավիրուսների դեպքում բազմակի սկլերոզ ունեցող հիվանդների և առողջ կամավորների միջև էական տարբերություններ չեն հայտնաբերվել։
Հետազոտողները նաև ուսումնասիրել են, թե ինչպես են բազմակի սկլերոզի բուժման ժամանակակից մեթոդներն ազդում այս իմունային պատասխանի վրա։ Anti-CD20 թերապիայի մեկնարկից հետո, որը ոչնչացնում է B-լիմֆոցիտները՝ վիրուսի հիմնական «ապաստարանը» օրգանիզմում, CD4+ T-բջիջների չափազանց ակտիվ արձագանքը նվազել է մոտ 2,5 անգամ։
Հեղինակների խոսքով՝ ստացված տվյալները ցույց են տալիս, որ EBV-ի վիրուսային մասնիկների սպիտակուցները CD4+ T-բջիջների հիմնական թիրախներն են բազմակի սկլերոզի դեպքում, իսկ ներկայում կիրառվող բուժումները կարող են զգալիորեն թուլացնել այս ախտաբանական իմունային արձագանքը։ Այս բացահայտումը կարող է նպաստել հիվանդության զարգացման մեխանիզմների ավելի լավ ըմբռնմանը և ապագայում ավելի նպատակային բուժման մեթոդների մշակմանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում