Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո Հայաստանում քննարկումներ հարուցած հարցերից մեկը դարձել է նեղ մասնագետների խորհրդատվությունների փոխհատուցման չափը։ Շատերը նշում են, որ ապահովագրական համակարգով սահմանված 6000 դրամ գումարը չի համապատասխանում այն իրական գներին, որոնք նախկինում գործում էին բժշկական կենտրոններում։ Իրենց հերթին քաղաքացիները մտավախություն ունեն, որ նման ցածր գինը նվազեցնում է բժիշկների շահագրգռվածությունը, և բուժաշխատողներն իրենց խնդրին կսկսեն նայել «մատների արանքով»։
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը հավաստիացրել է, որ փոխհատուցման չափը սահմանվել է ոչ թե կամայականորեն, այլ հաշվարկների հիման վրա, որոնցում հաշվի են առնվել խորհրդատվական ծառայության մատուցման հետ կապված հիմնական ծախսերը։ Նրա խոսքով՝ արժեքի ձևավորման ժամանակ հաշվի են առնվել պացիենտի ընդունելության տևողությունը, բժշկական կազմակերպության ծախսերը, կաբինետի պահպանումը, կոմունալ և այլ անուղղակի ծախսերը, ինչպես նաև բժիշկների աշխատավարձի միջին մակարդակը։ «Մենք ունենք հստակ հաշվարկներ։ Բժիշկների միջին աշխատավարձի չափը որոշվել է բժշկական կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա»,- նշել թ Խարազյանը։
Նա ընդգծել է, որ սահմանված 6000 դրամ գումարը, հիմնադրամի գնահատականներով, ամբողջությամբ ծածկում է խորհրդատվության անցկացման համար անհրաժեշտ ծախսերը, ներառյալ մասնագետի աշխատանքի վարձատրությունը։
Միևնույն ժամանակ Խարազյանը համաձայնել է, որ նախկինում բուժհաստատություններում խորհրդատվությունների արժեքը հաճախ կազմել է 10–15 հազար դրամ, սակայն վճարովի ծառայությունների գինը ձևավորվել է հենց բժշկական կազմակերպությունների կողմից, որոնք կարող էին հաշվի առնել լրացուցիչ գործոններ, այդ թվում՝ սեփական շահութաբերությունը։
«Թե ինչպես էին բժշկական կազմակերպությունները որոշում վճարովի խորհրդատվությունների արժեքը նախկինում և ինչպես են որոշում հիմա, առանձին հարց է։ Յուրաքանչյուր կազմակերպություն կիրառում է իր մեթոդաբանությունը և կարող է հաշվի առնել տարբեր ցուցանիշներ»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ բժշկական ծառայությունների արժեքը հաշվարկելիս հիմնադրամը կիրառում է միասնական մեթոդաբանություն, որն օգտագործվում է ոչ միայն մասնագետների խորհրդատվությունների, այլև բժշկական այլ ծառայությունների համար։
Խարազյանը չի համաձայնվել լրագրողների այն դիտարկման հետ, թե 6 հազար դրամ թիվը սահմանվել է «այն հույսով, որ կգտնվեն մասնագետներ, ովքեր համաձայն կլինեն աշխատել նման գումարով, և որ իրականում քաղաքացիները միևնույն է ստիպված են լինելու հավելավճար տալ»։ «6000 դրամն ամբողջությամբ ծածկում է անհրաժեշտ ծախսերը։ Մեր ունեցած տվյալներով՝ շատ բժշկական կազմակերպություններ և բժիշկներ իսկապես խորհրդատվություն են տրամադրում հենց այդ գումարի շրջանակներում»,- ասել է նա՝ խոստանալով, որ բոլոր տվյալների հրապարակումից հետո իրավիճակը կպարզվի։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում