Երգելը կարող է վերստամոքսային զկռտոցի բուժման ավելի արդյունավետ և հետաքրքիր եղանակ դառնալ, քան ավանդական շնչառական վարժությունները: Նման եզրահանգման են հանգել Clinical Gastroenterology and Hepatology բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր պատահականացված կլինիկական հետազոտության հեղինակները:
Դա առաջին պատահականացված վերահսկվող հետազոտությունն է, որը նվիրված է վերստամոքսային զկռտոցի՝ ստամոքս-աղիքային տրակտի խրոնիկական խանգարման ժամանակ երգեցողական թերապիայի կիրառմանը, ինչը կարող է էապես վատթարացնել կյանքի որակը: Այդ վիճակի դեպքում օդը բազմաթիվ անգամներ ընկնում է կերակրափող և հետ է դառնում՝ չհասնելով ստամոքսին, ինչի պատճառով մարդու մոտ առաջանում են զկռտոցի հաճախակի նոպաներ՝ հանգեցնելով օրական տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր դեպքերի:
Հետազոտությանը մասնակցել է վերստամոքսային զկռտոցի հաստատված ախտորոշմամբ 72 չափահաս բուժառու: Նրանք պատահական սկզբունքով բաժանվել են երկու խմբի. մեկն անցել է կառուցվածքավորված երգեցողական թերապիայի դասընթաց, մյուսը՝ ստոծանային (կրծքավանդակա-որովայնային) շնչառության, որն այսօր համարվում է այդ հիվանդության վարքագծային բուժման ստանդարտ եղանակը: Դասընթացի ավարտից հետո բուժառուներին հետևել են մեկ ամսվա ընթացքում՝ գնահատելով ախտանիշների արտահայտվածությունը, կյանքի որակը և բուժումից բավարարվածությունը:
Արդեն մեկ շաբաթ անց երգեցողությամբ զբաղվող մասնակիցների 72,2%-ը հայտնել է առնվազն 50%-ով ախտանիշների արտահայտվածության նվազման մասին: Շնչառական թերապիայի խմբում նման արդյունքի է հասել բուժառուների 38,9%-ը: Մեկ ամիս անց ազդեցությունը պահպանվել է. դրական արձագանք է նկատվել երգեցողական թերապիայի խմբի մասնակիցների 50%-ի շրջանում՝ շնչառական վարժությունների խմբի 30,6%-ի համեմատ:
Բացի դրանից, երգեցողական թերապիա անցնող բուժառուները հայտնել են կյանքի որակի ավելի արտահայտված բարելավման մասին և բուժումն ավելի հաճախ են անվանել հաճելի ու հետաքրքիր:
Ըստ հետազոտողների՝ երգեցողական թերապիայի նկատմամբ հետաքրքրությունը բացատրվում է նրանով, որ այն համադրում է շնչառության վերահսկողությունը գրավիչ գործունեության հետ, ինչի շնորհիվ բուժառուների համար ավելի հեշտ է հետևել բուժմանը: Թեև երկու եղանակներն էլ նվազեցրել են ախտանիշները, երգեցողության դասընթացներն ավելի արտահայտված և կայուն ազդեցություն են ապահովել:
Հեղինակներն առանձնացրել են նաև բուժման լավագույն արձագանքին առնչվող երեք գործոն՝ երգեցողական թերապիայի անցնում, ավելի տարեց տարիք և մինչ բուժման սկիզբն ավելի ծանր ախտանիշներ: Դա կարող է նշանակել, որ հենց բուժառուների այդ կատեգորիաներն են ունակ ստանալու ամենամեծ օգուտը նման մոտեցումից:
Միևնույն ժամանակ հետազոտողները նշում են աշխատանքի մի շարք սահմանափակումներ. դիտարկումը տևել է ընդամենը մեկ ամիս, բոլոր մասնակիցները ներկայացնում էին մեկ մշակութային խումբ, իսկ վարքագծային թերապիայի առանձնահատկությունները հնարավորություն չէին տալիս բուժառուներից թաքցնել, թե կոնկրետ ինչ բուժում են նրանք ստանում: Երգեցողական թերապիայի երկարաժամկետ արդյունավետությունը հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում