GLP-1 դեղամիջոցների կիրառման աճը մտահոգություններ է առաջացնում մկանների և ոսկրերի ամրության կորստի հետ կապված

24 հուլիսի, 2026  14:21

GLP-1 ռեցեպտորների ագոնիստների և ճարպակալման բուժման համար օգտագործվող այլ ինկրետինային միմետիկների կիրառման աճը մտահոգություններ է առաջացրել մկանային և ոսկրային հյուսվածքի վրա դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ: Այս եզրակացությանն են հանգել «Obesity» ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները։

Հետազոտողները վերլուծել են լիրագլուտիդը, սեմագլուտիդը և տիրզեպատիդը ավելորդ քաշ ունեցող և ճարպակալած անձանց մոտ ուսումնասիրող ռանդոմիզացված կլինիկական փորձարկումների և դիտողական ուսումնասիրությունների տվյալները: Հաշվի առնելով այս դեղամիջոցների դեղատոմսերի արագ աճող մակարդակը՝ գիտնականները որոշել են գնահատել դրանց ազդեցությունը մարմնի կազմի վրա, մասնավորապես՝ տարեց պացիենտների մոտ։

Վերլուծությունը պարզել է, որ ինկրետինային միմետիկներով թերապիան կապված է ոչ միայն քաշի, այլև մկանային զանգվածի կորստի հետ: Կախված դեղամիջոցից և հետազոտությունից՝ մկանային զանգվածի կորուստը տատանվել է 0.8-ից մինչև 5.6 կիլոգրամ, ինչը համապատասխանում է մարմնի ընդհանուր զանգվածի կորստի 12-44 տոկոսին: ՄՌՏ օգտագործմամբ միակ հետազոտությունը պարզել է, որ տիրզեպատիդը ազդրի մկանների ծավալը կրճատել է մոտ 6 տոկոսով:

Մի շարք հետազոտություններում նաև նշվել է ոսկրային հյուսվածքում հանքանյութերի խտության նվազում, հիմնականում կոնքազդրային և ողնաշարի գոտկային հատվածում: Կոտրվածքների բարձր ռիսկ ունեցող տարեց անհատների մոտ սեմագլուտիդի կիրառումը հանգեցրել է ոսկրային խտության նվազման այս հատվածներում. նմանատիպ փոփոխություններ են նկատվել լիրագլուտիդի կիրառման դեպքում ճարպակալում և ավելորդ քաշ ունեցող պացիենտների մոտ: Բացի այդ, որոշ հետազոտություններ հայտնաբերել են ոսկրային հյուսվածքի ռեզորբցիայի ավելացումը վկայող բիոմարկերների մակարդակի բարձրացում:

Այս փոփոխությունների ազդեցությունը ֆիզիկական հնարավորությունների վրա մնում է անհասկանալի: Սեմագլուտիդի մի հետազոտության ընթացքում մասնակիցները հայտնել են ֆիզիկական ինքնազգացողության բարելավման մասին՝ չնայած մկանային զանգվածի նվազմանը: Լիրագլուտիդի հետազոտության մեջ պացիենտները նաև ավելի լավ արդյունքներ են ցույց տվել «աթոռից հինգ անգամ բարձրանալու» թեստում՝ դատարկահաբ օգտագործած խմբի համեմատ:

Կոտրվածքի ռիսկի տվյալները նույնպես դեռևս թույլ չեն տալիս վերջնական եզրակացություններ անել: Շաքարային դիաբետ ունեցող ավելի քան 17 հազար տարեց պացիենտների մասնակցությամբ անցկացված անվտանգության լայնածավալ հետազոտության մեջ կոտրվածքների ընդհանուր մակարդակը համեմատելի էր սեմագլուտիդի և դատարկահաբ օգտագործած խմբերի միջև: Սակայն 75 տարեկան և ավելի բարձր տարիքի մասնակիցների շրջանում կոտրվածքները մոտավորապես չորս անգամ ավելի հաճախ են հանդիպել սեմագլուտիդ ստացողների մոտ:

Հեղինակներն ընդգծել են, որ չնայած ինկրետինային միմետիկների բարձր արդյունավետությանը՝ քաշի կորստի խթանման գործում, դեռևս անհայտ է՝ արդյո՞ք մկանների և ոսկրային հյուսվածքի կորուստը հանգեցնում է ֆիզիկական գործառույթների նվազման, թե՞ կոտրվածքների ռիսկի աճի երկարատև հեռանկարում: Նրանք կոչ են անում ավելի լայնածավալ, երկարաժամկետ հետազոտություններ անցկացնել տարեց մեծահասակների շրջանում և խորհուրդ են տալիս բժիշկներին ուշադիր հետևել GLP-1 դեղամիջոցներ ստացող պացիենտների հենաշարժողական ապարատի վիճակին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում