Գիտնականները բացահայտել են, թե ինչպես են մկանները վերականգնվում ուժային մարզումներից հետո մոլեկուլային մակարդակում։ Բացահայտումը կարող է օգնել ավելի արդյունավետ մարզումային ծրագրեր ստեղծել մարզիկների համար, բարելավել վնասվածքներից հետո վերականգնումը և պայքարել տարիքային մկանային զանգվածի կորստի դեմ։
Հիլդեսհայմի, Բոննի և Ֆրայբուրգի համալսարանների գիտնականները պարզել են, թե ինչ է կատարվում մկանաթելերի ներսում ինտենսիվ ծանրաբեռնվածությունից հետո։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications հանդեսում։
Ֆիզիկական ակտիվությունը կարևոր դեր է խաղում տարիքի հետ առողջության պահպանման գործում, սակայն սովորական օդակեցական ծանրաբեռնվածությունը բավարար չէ մկանային զանգվածը պահպանելու համար։ Դրա համար անհրաժեշտ են ուժային վարժություններ, որոնք ծանրաբեռնում են մկանաթելերը և դրանց կծկվող ապարատի միկրոսկոպիկ վնասվածքներ առաջացնում։
Մինչ օրս գիտնականները վատ էին պատկերացնում, թե ինչպես են մկանները վերացնում այդ վնասվածքները և կրկնվող մարզումներից հետո ավելի ուժեղ դառնում։
Նոր հետազոտության մեջ մասնագետներն ուսումնասիրել են ինտենսիվ ուժային մարզումներից առաջ և հետո կամավորների մկանային հյուսվածքի նմուշները։ Նրանք նաև հետևել են, թե ինչպես են փոխվում մկանները ծանրաբեռնվածության տևական նվազումից և մարզումների լիակատար դադարեցումից հետո։
Պարզվել է, որ ուժային վարժությունները վերականգնման հատուկ համակարգ են գործարկում։ Այն հայտնաբերում է մկանային բջիջների վնասված տարրերը և հեռացնում դրանք՝ միաժամանակ խթանելով մկանների կծկման համար անհրաժեշտ նոր սպիտակուցների ստեղծումը։
Այս գործընթացը ներքին նորոգում է հիշեցնում. վնասված կառույցները փոխարինվում են նորերով, ինչի շնորհիվ մկանային ապարատը դառնում է ավելի դիմացկուն և ավելի լավ է հարմարվում ծանրաբեռնվածությանը։
Գիտնականները հայտնաբերել են նախկինում անհայտ սպիտակուցներ, որոնք միանում են մարզումներից հետո մկանների վերականգնմանը։ Այդ սպիտակուցները նախ ճանաչում են վնասված հատվածները, այնուհետև գործարկում բջջային մաքրման գործընթացը՝ աուտոֆագիան, որի ժամանակ հեռացվում են ավելորդ կամ վնասված բաղադրիչները։
Հետազոտողների գնահատմամբ՝ մարզումների ինտենսիվությունը և ծանրաբեռնվածության նախկին փորձն ազդում են ոչ միայն մկանների վնասման աստիճանի, այլև այն հանգամանքի վրա, թե որքան ակտիվ է միանում վերականգնման համակարգը։
Բացահայտումը կարող է օգնել ավելի ճշգրիտ ընտրել մարզումային ծրագրերը, օրինակ՝ որոշել օպտիմալ ծանրաբեռնվածության հաջորդականությունը պրոֆեսիոնալ մարզիկների համար կամ մշակել վերականգնման ավելի արդյունավետ սխեմաներ վնասվածքներից և վիրահատություններից հետո բուժառուների համար։
Հետազոտության հեղինակներն արդեն օգտագործում են այս տվյալները սպորտային գիտության մասնագետներ պատրաստելիս և էլիտար մարզիկների, ոստիկանության աշխատակիցների և զինծառայողների համար գիտականորեն հիմնավորված մարզումային ռազմավարություններ ստեղծելիս։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում