Ստենֆորդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, թե ինչու է ցածր ածխաջրային դիետան որոշ մարդկանց մոտ անփոփոխ թողնում խոլեստերինի մակարդակը, իսկ մյուսների մոտ՝ առաջացնում դրա կտրուկ աճ։ Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, առանցքային դեր է խաղում գենետիկ հակվածությունը։
Հետազոտության արդյունքները ներկայացվել են Ամերիկյան սննդաբանության ընկերության (American Society for Nutrition) ամենամյա համաժողովին։
Գիտնականները վերլուծել են կլինիկական հետազոտության ավելի քան 600 մասնակիցների տվյալները, որոնք մեկ տարվա ընթացքում հետևել են կամ առողջ ցածր ածխաջրային, կամ ցածր յուղայնությամբ դիետայի։ Նոր վերլուծության մեջ օգտագործվել են 431 մարդու գենետիկական տվյալներ։
Պարզվել է, որ ցածր ածխաջրային դիետա պահող և ցածր խտության լիպոպրոտեինների (ՑԽԼ կամ «վատ» խոլեստերինի) բարձր մակարդակի գենետիկ հակվածություն ունեցող մարդկանց մոտ խոլեստերինի աճն արձանագրվել է շատ ավելի հաճախ։ Հիմնական պատճառը դարձել է բարձր զգայունությունը հագեցած ճարպերի նկատմամբ, որոնք հաճախ կազմում են ցածր ածխաջրային սննդակարգի հիմքը։
Ընդ որում, ցածր յուղայնությամբ դիետայի հետևող մասնակիցների մոտ նման կախվածություն չի հայտնաբերվել։
Հեղինակները նշում են, որ նույն դիետան կարող է բոլորովին տարբեր արձագանք առաջացնել տարբեր մարդկանց մոտ։ Հետևաբար, ունիվերսալ հանձնարարականներ գոյություն չունեն, և սննդի նոր տեսակի անցնելիս կարևոր է վերահսկել խոլեստերինի մակարդակն ու առողջական այլ ցուցանիշները։
Ցածր ածխաջրային դիետան նախընտրող մասնակիցներին խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ չհագեցած ճարպերին՝ ընկուզեղենին, սերմերին, ձիթապտղի յուղին ու ավոկադոյին, և սահմանափակել կարագի, յուղոտ մսի ու վերամշակված մսամթերքի օգտագործումը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day