Դառը նարինջներից և գրեյպֆրուտներից ստացված բուսական միացությունը կարող է նպաստել ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդության (ՈԱՃԼՀ) մեղմացմանը՝ ճարպային փոխանակության վրա ունեցած ազդեցության շնորհիվ։
Հետազոտական խումբն ուսումնասիրել է բուսական միացության՝ ՈԱՃԼՀ-ի դեպքում առաջացած նեոհեսպերիդինի թերապևտիկ ներուժը և խոստումնալից արդյունքներ է հրապարակել Phytotherapy Research ամսագրում։
Ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդությունը համեմատաբար տարածված հիվանդություն է, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է լուրջ ազդեցություն ունենալ առողջության վրա, փոխանցում է Planet Today-ը։ Անցյալ տարի իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ լյարդի ճարպային դիստրոֆիան նաև զգալիորեն մեծացնում է վաղաժամ մահվան ռիսկը։
Առողջության համար ունեցած հետևանքների և ՈԱՃԼՀ դեպքերի գլոբալ աճի լույսի ներքո՝ բուժման նոր մոտեցումների որոնումը վերջին շրջանում դարձել է հետազոտությունների հիմնական ուղղություններից մեկը։
Օրինակ՝ չինական մեկ այլ հետազոտական խումբ վերջերս PharmaNutrition ամսագրում հայտնել է, որ ավանդական չինական բժշկության միջոցների և կաթնափշի քաղվածքի համադրումը կարող է զգալի օգնություն ցուցաբերել լյարդի ճարպային հիվանդության դեպքում։
Հետազոտողներն ուսումնասիրել են բուսական միացության՝ նեոհեսպերիդինի թերապևտիկ առավելությունները ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդության դեպքում՝ օգտագործելով բջջային կուլտուրաներ և մկներ, որոնց մոտ ճարպային հիվանդությունը զարգացել է ճարպերի բարձր պարունակությամբ դիետայի հետևանքով։
Հետազոտողները հայտնում են, որ նեոհեսպերիդինն արդյունավետորեն նվազեցրել է լիպիդների կուտակումը ինչպես բջջային կուլտուրաներում, այնպես էլ մկների լյարդում։
Նեոհեսպերիդինն ուղղակիորեն կապվել է ճարպաթթուների β-օքսիդացման հանգուցային ֆերմենտի՝ ECHS1-ի PHE248 ամինաթթվային մնացորդին և ընկճել է դրա քայքայումը: Դա կայունացրել է ECHS1-ը և նպաստել լիպիդների ճեղքմանը, պարզաբանում են հետազոտողները։
Ընդհանուր թերապևտիկ ազդեցությունը կախված է եղել նաև այսպես կոչված PPARα ազդանշանային ուղու կարգավորումից։
Ուսումնասիրության արդյունքներն ընդհանուր առմամբ ցույց են տալիս, որ նեոհեսպերիդին բուսական միացությունը կարող է կարևոր ավանդ ունենալ ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդության բուժման գործում, իսկ ECHS1-ն իրենից ներկայացնում է հեռանկարային թերապևտիկ թիրախ։
«Սա ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդության դեմ պայքարի նոր ռազմավարություն է բացում, որը լիպիդային հոմեոստազ է վերականգնում թիրախային ազդեցություն ունենալով սպիտակուցների կայունության վրա»,- եզրակացնում են հետազոտողները։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում