Նեանդերթալցիների գենետիկական ժառանգությունը շարունակում է ազդել ժամանակակից մարդկանց օրգանիզմի վրա. գիտնականները հայտնաբերել են աճի հորմոնի ընկալիչի տարբերակ՝ ժառանգված մարդու հնագույն ազգականներից, որը կապված է ավելի մեծ մկանային զանգվածի և գանգի կառուցվածքի որոշ առանձնահատկությունների հետ։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology գիտական հանդեսում:
Հետազոտողների միջազգային թիմը՝ Կարոլինսկայի ինստիտուտից Հյուգո Զեբերգի և Մաքս Պլանկի ընկերության Էվոլյուցիոն անթրոպոլոգիայի ինստիտուտից Ֆիլիպ Կանիսի գլխավորությամբ, ուսումնասիրել է աճի հորմոնի ընկալիչի տարբերակը, որը բնորոշ է նեանդերթալցիներին և բացակայում է ժամանակակից մարդկանց մեծամասնության մոտ։
Աճի հորմոնը կարգավորում է մկանների և ոսկորների զարգացումը։ Բջիջների վրա ազդելու համար այն պետք է կապվի դրանց մակերեսին գտնվող հատուկ ընկալիչի հետ։ Գիտափորձերը ցույց են տվել, որ ընկալիչի նեանդերթալյան տարբերակով բջիջներն աճի հորմոնին արձագանքել են զգալիորեն ավելի ուժեղ. դրանք մեծացել են մոտ 40%-ով ավելի շատ, քան ընկալիչի ամենատարածված ժամանակակից տարբերակն ունեցող բջիջները։
Գենի այս տարբերակը ժամանակակից մարդիկ ստացել են նեանդերթալցիների հետ խաչասերման արդյունքում՝ մոտ 47 հազար տարի առաջ։ Ներկայում այն հատկապես տարածված է Հարավային և Արևելյան Ասիայի բնակիչների շրջանում. Հարավային Ասիայի որոշ պոպուլյացիաներում այն կրում է մարդկանց մինչև 24%-ը, մինչդեռ եվրոպացիների շրջանում՝ մոտ 0,5%-ը։
Ավելի քան 1 միլիոն մարդու տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ այդ տարբերակը կրող չափահասների մոտ մկանային զանգվածը միջինում մոտ 270 գրամով ավելի շատ է։ Ընդ որում, մանկության տարիներին տարբերություններ չեն դրսևորվել. ավելի քան 6 հազար երեխաների շրջանում անցկացված հետազոտությունը մինչև 11 տարեկանների հասակում այդ գենի և հասակի միջև կապ չի հայտնաբերել։ Հավանաբար, ազդեցությունն ավելի նկատելի է դառնում սեռական հասունացման շրջանում, երբ աճի հորմոնի մակարդակը կտրուկ բարձրանում է։
Գիտնականները հայտնաբերել են նաև այս տարբերակի կապը դեմքի և ատամների կառուցվածքի որոշ առանձնահատկությունների հետ. դրա կրողների շրջանում միջինում փոքր-ինչ ավելի կարճ է եղել ստորին ծնոտի հետին հատվածը և ավելի կարճ են եղել ատամների արմատները՝ հատկանիշներ, որոնք առավել բնորոշ են նեանդերթալցիներին։
Հետազոտողները շեշտում են, որ այդ գենը մարդու հասակի, մարմնակազմվածքի և արտաքին տեսքի վրա ազդող բազմաթիվ գործոններից միայն մեկն է։ Այն չի կարող բացատրել նեանդերթալցիների ամբողջ արտաքին տեսքը, սակայն ցույց է տալիս, որ նրանց գենետիկական ժառանգության առանձին տարրեր տասնյակ հազարավոր տարիներ անց էլ պահպանում են մարդկանց վրա իրենց ազդեցությունը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում