Քաշի նվազեցման համար նախատեսված դեղամիջոցները նվազեցնում են կոտրվածքների ռիսկը շաքարային դիաբետի ժամանակ. հետազոտություն

14 օգոստոսի, 2026  20:33

GLP-1 դասի դեղամիջոցները, ինչպիսին է օրինակ Ozempic-ը, կարող են նվազեցնել ոսկրերի լուրջ կոտրվածքների ռիսկը տիպ 2 շաքարային դիաբետ ունեցող մարդկանց շրջանում, ասվում է մի լայնածավալ հետազոտության մեջ, որը կասկածի տակ է դնում այն մտավախությունները, թե այդ գերհայտնի դեղամիջոցները կարող են վատթարացնել ոսկրերի առողջությունը:

Գիտնականները պարզել են, որ GLP-1 դեղամիջոցներով թերապիա սկսող բուժառուների շրջանում ոսկրերի փխրունության ֆոնին կոտրվածքների ռիսկը երեք տարվա ընթացքում 21%-ով ավելի ցածր է եղել, քան այն համեմատելի խմբի շրջանում, որը ստացել է DPP-4 դասի դեղամիջոցներ՝ դիաբետի դեմ դեղամիջոցների մեկ այլ կատեգորիա:

Տիպ 2 շաքարային դիաբետ ունեցող մարդիկ բախվում են ցածր էներգիայի վնասվածքների դեպքում (օրինակ՝ սեփական հասակի բարձրությունից կամ ավելի ցածրից ընկնելիս) կոտրվածքների բարձր ռիսկի հետ՝ չնայած այն հանգամանքին, որ նրանց ոսկրային հյուսվածքի խտությունը հաճախ նորմալ է կամ նույնիսկ նորմայից բարձր։ Դա «կարող է կապված լինել ոսկրերի նվազ ամրության, ոսկրային հյուսվածքի միկրոկառուցվածքի խանգարման և դրա արագացված կորստի հետ», նշում են հետազոտողները:

Վերլուծելով 2015-2022 թվականներին տիպ 2 շաքարային դիաբետ ունեցող՝ 50-90 տարեկան ավելի քան 133 հազար չափահաս ամերիկացիների բժշկական տվյալները՝ գիտնականները պարզել են, որ GLP-1 դեղամիջոցներ ընդունող բուժառուների շրջանում ամենաշատը կրճատվել է ողնաշարի կոտրվածքների թիվը՝ 32%-ով, ինչպես նաև ազդրոսկրի վզիկի կամ ազդրի կոտրվածքները՝ 30%-ով:

Կարևոր է, որ կոտրվածքների ռիսկի նվազումը կապված չի եղել մարմնի զանգվածի և արյան մեջ շաքարի մակարդակի փոփոխությունների հետ, ինչը թույլ է տալիս ենթադրել այս դեղամիջոցների ուղղակի ազդեցությունը ոսկրային հյուսվածքի վրա, հաղորդում է Euronews-ը:

Ստացված արդյունքները հակասում են այն վաղեմի մտավախություններին, ըստ որոնց քաշի արագ կորուստը կարող է մեծացնել կոտրվածքների ռիսկը՝ ոսկրերի խտության նվազման պատճառով: Սակայն հետազոտողներն ընդգծում են, որ աշխատությունը չի ապացուցում, թե դեղամիջոցները պաշտպանում են ոսկրային հյուսվածքը: Քանի որ վերլուծությունը հիմնված է եղել դիտարկողական բժշկական տվյալների, այլ ոչ թե պատահականացված կլինիկական փորձարկումների վրա, վերջնական ցուցանիշների վրա կարող էին ազդել նաև այլ գործոններ՝ ֆիզիկական ակտիվությունը, մկանների ուժը և ոսկրերի ելակետային վիճակը:

Հետազոտությունը նաև պաշտպանիչ ազդեցություն չի հայտնաբերել այն մարդկանց շրջանում, որոնք ընդունում են GLP-1 դեղամիջոցներ առանց տիպ 2 շաքարային դիաբետի, ինչը վկայում է այն մասին, որ եզրակացությունները կարող են չտարածվել նրանց վրա, ովքեր այս դեղերն օգտագործում են բացառապես քաշի վերահսկման համար:

Աշխատության հեղինակները հայտարարել են, որ այժմ անհրաժեշտ են պրոսպեկտիվ կլինիկական փորձարկումներ՝ պարզելու համար, թե արդյոք կոտրվածքների ռիսկի նվազումն արտացոլում է իրական կենսաբանական ազդեցություն և արդյոք այն պահպանվում է ավելի երկարատև բուժման դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում